Փոխնախարարի խոսքերն ինքնախոստովանական ցուցմունք են. Իրավապաշտպան
00:00, October 17, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր, Քաղաքացիական վերահսկողությունԵս վանաձորցի չեմ, ես ղարաբաղցի եմ: Epress.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով շաբաթ օրը ցուցադրված Հանրային հեռուստաընկերության և ՊՆ համատեղ տեսաշարի բովանդակությունը, ասել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Տեսաշարում տեքստն ընթերցող լրագրողը մի քանի անգամ ասում է «այդ վանաձորցի տղան», և ներկայացնում, որ բանակում միջադեպերի մասին բարձրաձայնողները դրսից ֆինանսավորվող կազմակերպություններն են: Նույնը իր խոսքում ասել էր ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:
Սաքունցը մեզ հետ զրույցում նախ նշել է, որ ինքը երբեք Հ1 չի դիտում, բայց, լսելով այդ տեսանյութի մասին, դիտել է հաղորդման կրկնությունը:
«Նախ թող իմանան, որ ես վանաձորցի չեմ, ես ղարաբաղցի եմ, – ծիծաղելով ասել է Սաքունցը: – Եվ հետո ինքը՝ Վովա Գասպարյանը, շատ լուրջ խնդիրներ ունի իր նշած իրավական հարթությունում, և ես խորհուրդ կտայի, որ նա գլուխը կախ աշխատեր այն բոլոր գործերի մասով, որոնք մենք՝ մեր գրասենյակը ներկայացրել է. դա վերաբերում է բանակում տիրող բարքերին, տիրող իրավիճակին, որոնց մասին բազմաթիվ հաղորդագրություններ են եղել: Նա ուղղակի պատասխանատու է դրանց համար», – նշել է Սաքունցը:
Ըստ նրա՝ այս ամենը ոչ միայն իրեն է ողղված, այլ նաև «Բանակն իրականում» նախաձեռնությանը:
«Վովա Գասպարյանը բացարձակ գաղափար չունի, թե ինչ է նշանակում քաղաքացիական վերահսկողություն: Իսկ նրա ասածը, մի քանի դար առաջ որակվում էր որպես վհուկների որս, բայց նա տեղյակ չէ երևի, որ այդ միտքն այլևս բազմաթիվ անգամ չարչկված է և ոչ պիտանի», – նշել է իրավապաշտպանը:
Մեր զրուցակիցը ասել է, որ երբ հաղորդման ժամանակ Վովա Գասպարյանը հասարակայնորեն հայտարարում է, որ «ովքեր բանակի սպայական կազմը և ղեկավարներին թույլ է համարում, նրանք թուլա են», կարելի է պատկերացնել, թե ինչպես նա կխոսի և կվերաբերի բանակում զինծառայողներին և ենթականերին:
«Ի դեպ, նման բան ասողները, այն, որ սպայական կազմը թույլ է, հենց բանակում ծառայողներն են, սպաները, այսինքն՝ հենց ներսից են ասում դա, իսկ Վովա Գասպարյանի՝ այլ կարծիք արտահայտողներին թուլա անվանելը, ուղղակի նրա ինքնախոստովանական ցուցմունքն էր: Նա սրանով ցույց տվեց, թե ինչպես ինքը կարող է վերաբերվել զինծառայողներին», – հավելել է Սաքունցը: