Հայտարարություն
00:00, September 8, 2009 | Հայտարարություններ2009 թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության կենտրոնի քննչական բաժնի քննիչ Տ. Ա. Հարությունյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13117708 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Սույն քրեական գործը հարուցվել է ”Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի” նախագահ Միքայել Դանիելյանի նկատմամբ, Հայաստանի Առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուլիխանյանի կողմից ձայնագազային ատրճանակից կրակոցներ և ֆիզիկական բռնություններ կատարելու փաստի հիման վրա:
Չեմ ուզում, մանրամասն անդրադառնալ որոշման նկարագրությանը, որի վերաբերյալ մամուլով արդեն մեկնաբանություններ տվել է Միքայել Դանիելյանը:
Ինձ համար առավել անակնկալ և ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ նշված քրեական գործով հանդես եմ եկել որպես վկա, ցուցմունք եմ տվել Կենտրոնի քննչական բաժնում, վկայակոչել, թե ինչպես է Տիգրան Ուլիխանյանը երկրորդ անգամ, մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանելը, բռունցքներով հարձակվում Միքայել Դանիելյանի վրա, միաժամանակ հայհոյում նրան` նշավակելով Միքայել Դանիելյանին հոմոսեքսուալների, Եհովայի վկաների իրավունքների պաշտպան և ”ՑՌՈւ-ի ագենտ”: Այս քրեական գործի կարճման որոշման մեջ որևէ ակնարկ անգամ չկա իմ` որպես վկա լինելու մասին:
Զարմանալի է, երբ քաղաքացու նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից ապօրինության վերաբերյալ մեր կազմակեպության կողմից տրված հաղորդման հիման վրա Գլխավոր դատախազությունում ինձ ներգրավում են որպես վկա, չնայած դեպքին ականատես չեմ եղել, իսկ Միքայել Դանիելյանի նկատմամբ բռությանը, հայհոյանքին ականատես անձս մի կերպ հանդես եմ եկել որպես վկա, ու չի հիշատակվում իմ վկայությունը նման որոշման նկարագրական մասում:
Չգիտեմ դա թյուրիմացություն է, դիտավորություն, թե անփութություն, բայց որ իմ վկայությունը նշանակություն ունի վերը նշված, արդեն կարճված, քրեական գործում, համոզված եմ: Այդ իսկ պատճառով Կենտրոնի քննչական բաժնի քննիչի կողմից իմ վկայության մոռացության մատնելը հիմք է տալիս ինձ կասկածելու, որ տեղի ունի պաշտոնական կեղծիք կամ հանցագործության պարտակում: Սույն հայտարարությամբ պահանջում եմ ՀՀ գլխավոր դատախազությունից քննության առնել Կենտրոնի քննչական բաժնի քննիչի որոշումը և պարզել, թե ուր է կորել իմ վկայությունը և ինչու չի այն հաշվի առնվել որոշում կայացնելիս:
Արթուր Սաքունց
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
08.09.2009
Վանաձոր