Համաներումը` ինքնահաստատման փորձ
00:00, June 19, 2009 | ՔաղբանտարկյալներԻշխանական խոսափողների այն հավաստիացումները, թե հայտարարվելիք համաներումը նպատակ ունի թոթափել երկրում առկա լարվածությունն ու հասարակական համերաշխության դուռ բացել, կարծեք թե, հակառակ էֆեկտ են տալիս:
Մասնավորապես` Ս.Սարգսյանի կողմից ԱԺ ներկայացված առաջարկության նախագիծը, որից պարզ դարձավ, որ համաներումը լինելու է կիսատ-պռատ եւ տարածվելու է մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ ձերբակալվածներից եւ անազատության դատապարտվածներից ոչ բոլորի վրա, հասարակական դժգոհության նոր ալիք բարձրացրեց` էլ ավելի խորացնելով մթնոլորտի լարվածությունը: Դրա դրսեւորումներից մեկը երեկ Աբովյանում Սասուն Միքայելյանի դատավարության մասնակիցների ցասումն էր` համաներման նման բովանդակության դեմ:
Համաներման ակտի կիրառման վերաբերյալ ոչ միանշանակ վերաբերմունք ունեն նաեւ հայաստանյան իրավապաշտպանները, ովքեր «աբսուրդ» անվանեցին իշխանությունների այդ նախաձեռնությունը` այն որակելով ոչ թե մարդասիրական, այլ զուտ պատեհապաշտական քայլ, որի նպատակը սոսկ ԵԽԽՎ-ի «բերանը փակելն» է: «Մի երկրում, որտեղ դատական իշխանությունը չունի անկախություն, որտեղ անմեղության կանխավարկածի սկզբունքը ոտնահարվում է, համաներման ինստիտուտը դառնում է աբսուրդ: Համաներումը լինում է միայն այնպիսի երկրներում, որտեղ գործում է արդարադատությունը, եւ այդ երկրի իշխանությունները որոշում են մարդասիրական ակտ կիրառել իրենց այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր իրապես արդար, անաչառ դատարանի կողմից դատապարտվել են ազատազրկման, եւ այդ մարդկանց պետությունը որոշում է ժամկետից շուտ ազատ արձակել եւ հնարավորություն տալ վերադառնալ հասարակություն», – կարծիք հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` հավելելով. «Իսկ մեր երկրում չկան այն ինստիտուտները, որոնք կարդարացնեին համաներման ակտի կիրառումը: Որովհետեւ այն մարդիկ, որոնց նկատմամբ պետք է տարածվի այդ ակտը` դատարանը հանիրավի է դատապարտել եւ դատապարտում ազատազրկման` կեղծ, ծեծի, խոշտանգումների միջոցով ձեռք բերված ցուցմունքների հիման վրա: Հետեւապես, անմեղ մարդու նկատմամբ համաներում տարածելը առնվազն կլինի ձեռառնոցի այդ մարդու հանդեպ»: Պրն Սաքունցն ի հավելումն ասաց նաեւ. «Այդ մարդկանց ազատազրկել են քաղաքական որոշման հիման վրա, եւ հիմա էլ` ազատ են արձակում դարձյալ քաղաքական նպատակահարմարությունից եւ ոչ թե մարդասիրությունից դրդված: Այնպես որ, համաներում ասվածն ընդամենը խաբկանք է, տերմին` առանց իրական բովանդակության: Սրանով իշխանությունները փորձում են ինքնահաստատվել ու ցույց տալ` ուզենանք` կազատենք, չուզենանք` չենք ազատի»:
«Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը կարծիք հայտնեց, թե համաներումը ակտ է, որի կիրառումը կարող է ընդամենը թեթեւացնել քաղբանտարկյալների ընտանիքների հոգսերը: «Սակայն երկրում առկա լարվածությունը թեկուզ քողարկված կշարունակվի պահպանվել, որովհետեւ ՀՀ-ում քաղաքական մշակույթ հասկացություն գոյություն չունի»: Նաեւ նշեց. «Ամեն անգամ իշխանությունը համարում է, որ ինքը հաղթած է եւ որեւէ երկխոսության կամ բարեփոխումների չի գնում, ընդդիմությունն էլ մտածում է հաջորդ պայքարի եւ հաղթանակի մասին եւ նույնպես որեւէ փորձ չի անում երկխոսությանն ընդառաջ: Սա երկու պատճառով է արվում` նախ որովհետեւ վստահություն չկա, որ այդ երկխոսության արդյունքում հնարավոր է որեւէ բան փոխել, եւ երկրորդ` ցանկացած երկխոսություն հասարակության ամենաընդդիմադիր հատվածի համար դիտվում է որպես ծախվածություն»: Իսկ համաներումը տարածել այն անձանց վրա, որոնց դեմ հարուցված քրեական գործերը դատարաններում փլվում են, ի հայտ է գալիս դրանց սնանկությունը եւ պարզ է դառնում այդ մարդկանց` հանիրավի ամբաստանվելը` արդարացվա՞ծ է: Մեր այս հարցին ի պատասխան` իրավապաշտպանը արձագանքեց. «Եթե համաներման նախագծի մեջ լիներ գլուխ, որը վերաբերեր նախընտրական եւ ետընտրական զարգացումներին եւ նշված լիներ, որ այս ամեն ինչն արվում է իրավիճակը մեղմացնելու համար, եւ այդ նկատառումից ելնելով մարտի 1-ի դեպքերով կալանավորվածները պետք է ազատ արձակվեն, դա մի խնդիր է: Այլ խնդիր է, երբ համաներումը կիրառվում է` ըստ հոդվածների ծանրության եւ որտեղ հատուկ չի նշվում մարտի 1-2-ի դեպքերի մասին: Ես կարծում եմ` ընտրված է երկրորդ տարբերակը, որովհետեւ եթե առաջին տարբերակը ընտրվեր` ակնհայտ կդառնար այդ գործերի քաղաքական ենթատեքստը:
Իսկ երկրորդ դեպքը կիրառելիս իշխանությունները հայտնվում են փակուղում, որովհետեւ ինչքան էլ ցանկանան, որ համաներումը տարածվի առաջին հերթին մարտյան դեպքերի մասնակիցների վրա, այն ուզած-չուզած` տարածվելու է նաեւ մարտի 1-ի հետ կապ չունեցողների վրա: Այնպես որ, իշխանությունները չունեն այդքան համարձակություն, որպեսզի հայտարարեն, որ համաներման են գնում` առաջին հերթին մարտի 1-ի դեպքերի մասնակիցներին ազատ արձակելու անհրաժեշտությունից դրդված»:
«Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» նախագահ Անահիտ Բայանդուրի կարծիքով էլ. «Մենք այժմ մեր անկախ երկրի պատմության ամենաամոթալի ժամանակներն ենք ապրում, որովհետեւ մեզանում իրավական ոչ մի դրույթ չի աշխատում, ինչի վառ դրսեւորումը տեղի ունեցած եւ ընթացող դատավարություններն են: Սա աննորմալ վիճակ է, որն արդեն դրսից զսպող չկա, քանի որ միջազգային արբիտրաժն էլ սկսել է ավելի բյուրոկրատանալ եւ երկրի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել քաղաքական կոնյունկտուրայից ելնելով»: Իրավապաշտպանը շեշտեց նաեւ, որ «համաներում հայտարարելու փոխարեն, իշխանությունները պետք է ուղղակի բաց թողնեին քաղբանտարկյալներին եւ ներողություն խնդրեին, ինչպես ընդունված է բոլոր նորմալ պետություններում եւ նորմալ միջազգային արբիտրաժի առկայությամբ»: Տկն Բայանդուրը նշեց նաեւ, որ խիստ կասկածում է իշխանությունների այս նախաձեռնության անկեղծությանը, «քանի որ ակնհայտ է, որ այդ ակտը եվրակառույցներին խաբելու միջոց է, որպեսզի նրանք որոշ ժամանակ սուս կենան եւ իրենց հանգիստ թողնեն»:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.zhamanak.com/article/12353/