Դատարանը որոշումը կհրապարակի 13 օրից
00:00, June 17, 2009 | Նորություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողություն2009 թ. հունիսի 16-ին ՀՀ Կենտրոն և Նորք – Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության` քննիչի կողմից կայացված «քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմումը վերացնելու վերաբերյալ:
Դատարանում որպես հայցվորի ներկայացուցիչ հանդես էր գալիս ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կ. Թումանյանը, իսկ որպես պատասխանող կողմ` ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովհաննիսյանը և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա. Զալինյանը:
Դատարանում հայցվորի ներկայացուցիչը պնդեց ներկայացված հայցը` պատճառաբանելով նրանով, որ քննիչը պարտավոր է քրեական գործ հարուցել 2009 թ. փետրվարի 27-ին Արթուր Վարդումյանին ծեծի ենթարկելու և նրա առողջությանը վնաս հասցնելու կազմակերպության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա:
Հայցվորի ներկայացուցիչը գտնում է, որ քննիչը պատշաճ քննություն չի իրականացրել Արթուր Վարդումյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքը և այն կատարող անձին բացահայտելու ուղղությամբ:
Պատասխանող կողմը` ՀԿԳ քննիչ Գ. Հովհաննիսյանը և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա. Զալինյանը պնդեցին, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը օրինական է: Նրանք պատճառաբանեցին, որ Ա. Վարդումյանն ինքն է իրեն մարմնական վնասվածքներ հասցրել, որի ընթացքում ներկա են եղել 3 ընթերականեր և ոստիկանության աշխատակիցներ: Այս հանգամանքը պարզվել և հիմնավորվել է հարցաքննության ժամանակ:
Տվյալ դիրքորոշումը հայցվոր կողմը հերքեց նրանով, որ Հայաստանում ընթերակաների ինստիտուտը կրում է ձևական բնույթ և լինում են դեպքեր, որ գործում ընթերակաները հայտնվում են հետին ամսաթվով և որ ամենակարևորն է` Արթուր Վարդումյանի մարմնական վասվածքները գտնվում են մարմնի տարբեր մասերում և Արթուր Վարդումյանը չէր կարող ինքն իրեն նման վնասվածքներ պատճառել:
Դատարանը որոշումը կհրապարակի 2009թ. հունիսի 29-ին` ժամը 15:00-ին:
Տեղեկացնենք, որ 2009 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության հասարակական դիտորդական խմբի անդամներ Էդմոն Մարուքյանը և դիմումատու կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել են կալանավոր Արթուր Վարդումյանի հետ: Արթուր Վարդումյանը դիտորդական խմբի նշված անդամներին հայտնել է, որ Վանաձորի ոստիկանության բաժնում գտնվելու ժամանակ ոստիկանության աշխատակիցները նրան ենթարկել են ծեծի` հասցնելով մարմնական վնասվածքներ:
Գործի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ`
http://www.hcav.am/cat_arm.php?act=full&ID=3009&rID=2
http://www.hcav.am/cat_arm.php?act=full&ID=3041&rID=2