Հայտարարություն
00:00, June 8, 2009 | Հայտարարություններ | Ընտրական իրավունք2009թ. հունիսի 6-ի երեկոյան Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ձերբակալվել է Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական վեբ կայքի լուսանկարիչ Արշալույս Հակոբյանը:
Նա՝ որպես դիտորդ, մասնակցել է 2009թ. մայիսի 31-ի Երևանի ավագանու առաջին ընտրություններին: Քվեարկության օրը Ա. Հակոբյանն այցելել է Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիայի թիվ 8/23 ընտրական տեղամաս: Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն արգելել է Ա. Հակոբյանին մուտք գործել ընտրական տեղամաս` փակելով տեղամասի դուռը: Ա. Հակոբյանին սպառնացել են նաև ֆիզիկական հաշվեհարդարով: Փաստի առթիվ Ա. Հակոբյանը հաղորդում է տվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
2009թ. հունիսի 5-ի առավոտյան Ա. Հակոբյանին բանավոր հրավիրել են քննչական ծառայություն ցուցմունքներ տալու համար, սակայն նա հրաժարվել է ներկայանալ, քանի որ պաշտոնական ծանուցագիր չի ներկայացվել: Ավելի ուշ ոստիկանության երկու աշխատակիցներ այցելել են Ա. Հակոբյանի բնակարան, ներխուժել են նրա ննջարան, արթնացրել և ներկայացրել որպես ծանուցագիր ինչ-որ փաստաթուղթ: Նշված փաստաթղթում չի եղել հրավիրվող անձի անունը, քննչական բաժին ներկայանալու հիմքը, հրավիրվող անձի կարգավիճակն ու քրեական գործի համարը և Ա. Հակոբյանը հրաժարվել է ներկայանալ քննչական բաժին: Չնայած նրա պահանջների օրինականությանը` ոստիկանության աշխատակիցները ճնշումներ են գործադրել նրա նկատմամբ և ապօրինի բերման են ենթարկել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի ոստիկանության բաժին:
Ոստիկանությունում Ա. Հակոբյանը ենթարկվել է բռնությունների, մարդկային արժանապատվությունը նվաստացնող և դաժան վերաբերմունքի: Ոստիկանության բաժնում նրան ձեռնաշղթաներ են հագցրել և տեղափոխել Կենտրոն համայնքի քննչական բաժին:
Տեղի ունեցածը հանդիսանում է իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչի իրավունքների կոպիտ խախտում, որն ուղեկցվել է բնակարանի և անձի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարմամբ, ապօրինի ազատազրկմամբ և բռնությունների կիրառմամբ:
Հայաստանի իրավապահ մարմինները այս փաստով ցույց են տալիս ընտրակեղծիքների և իրավապաշտպանի գործողությունների նկատմամբ իրենց իրական վերաբերմունքը:
Պահանջում ենք.
1. անհապաղ ազատ արձակել Արշալույս Հակոբյանին
2. քրեական պատասխանատվության ենթարկել Արշալույս Հակոբյանի նկատմամբ ապօրինություններ թույլ տված պաշտոնական անձանց:
Արթուր Սաքունց – Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
հասցեն՝ ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 59
հեռ.՝ (+374 322) 4 22 68
Էլ. հասցե՝ hcav@hcav.am,
ինտերնետային կայք` www.hcav.am, www.hrlori.am