Մարդու իրավունքների մոնիթորինգ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում
00:00, June 2, 2009 | Նորություններ | Պացիենտների իրավունքներ2009թ. մայիսի 26-30-ը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպել էր հինգօրյա դասընթաց «Մարդու իրավունքները նյարդահոգեբուժական բուժհաստատություններում» թեմայով:
Դասընթացին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 6 աշխատակիցներ: Որպես դասընթացավար ներգրավվել էր Ագնեշկա Կլոսովսկան Մարդու իրավունքների Հելսինկյան ֆոնդից:
Դասընթացի ընթացքում մասնակիցները փորձագետի օգնությամբ մշակել են մոնիտորինգի իրականացման պլանը, սահմանել նպատակներն ու խնդիրները: Ինչպես նաև մանրամասնորեն մշակվել են մոնիտորինգի իրականացման համար անհրաժեշտ գործիքները՝ հարցաթերթիկ, հարցազրույց, դիտարկում:
Մոնիտորինգը նպատակ ունի պարզելու մարդու իրավունքների վիճակը Հայաստանի Հանրապետության բոլոր նյարդահոգեբուժական բուժհաստատություններում և անհրաժեշտության դեպքում աջակցել իրավիճակի բարելավմանը:
Նախատեսվում է մոնիտորինգ իրականացնել Հայաստանի Հանրապետության բոլոր 6 նյարդահոգեբուժական բուժհաստատություններում:
Մոնիտորինգի իրականացման համար կազմակերպությունը գրավոր դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ներկայացնելով մոնիտորինգի իրականացման պլանն ու մեթոդները, նպատակն ու խնդիրները և ստացել ուսումնասիրություն իրականացնելու թույլտվություն:
Մոնիտորինգից հետո նախատեսվում է կազմակերպել չորս հասարակական քննարկում ՀՀ առողջապահության նախարարության, նյարդահոգեբուժական բուժհաստատությունների, ինչպես նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների մասնակցությամբ, նախատեսվում է նաև տպագրել զեկույց:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը 2007թ. իրականացրել էր նմանատիպ մոնիտորինգ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում:
«Մարդու իրավունքները հոգենյարդաբանական դիսպանսերներում» մոնիտորինգը իրականացվում է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը ֆինանսավորվում է «Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի, Նիդերլանդների կառավարության և Մարդու իրավունքների Հելսինկյան ֆոնդի կողմից: