Գլխավոր դատախազն այցելեց Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
00:00, May 15, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Կոռուպցիայի կանխարգելում, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն2009թ. մայիսի 15-ին «Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն» /ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/ այցելեցին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության ղեկավարի տեղակալ Էդուարդո Ֆլորես Տրեխոն:
Այցելության նպատակն էր հակակոռուպցիոն կենտրոնի գործունեությանը տեղում ծանոթանալը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գծով վարչության պետ Արմեն Աշրաֆյանը, մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը, Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության ՀԳՄԾ համակարգող Ս. Սարգսյանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Ս. Այվազյանը և Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցները:
Հանդիպման ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, խոսվեց մինչև այժմ կազմակերպության կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված հաղորդումների վերաբերյալ:
Աղվան Հովսեփյանը գտնում է, որ իրավապահ մարմինները հասարակության վստահությունը շահելու խնդիր ունեն և հույս հայտնեց որ ՇՊԱԿ-ները հնարավորություն կտան կամուրջ հանդիսանալու իրավապահ մարմիննների և հասարակության միջև:
Հակակոռուպցիոն կենտրոնը գործարկվում է «Շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնի ստեղծում և գործարկում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում» Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր»-ն իրականացնող «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության կողմից: