ԵԱՀԿ-ն հետևում է
00:00, May 14, 2009 | Նորություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն«Լրատվամիջոցների աշխատակիցների դեմ վերջերս կրկնվող բռնարարքները վնաս են հասցրել Հայաստանում լրատվամիջոցների ազատության իրավիճակին»-այսօր հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել լրագրողների դեմ երկու հարձակում: Ծեծի են ենթարկվել «ARMENIA Today» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը եւ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը:
Պարոն Կապինոսը հիշեցրել է «Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին հորդորել է ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել լրավամիջոցների աշխատակիցների դեմ գործադրված բռնարարքները»` շեշտելով, որ «Լրատվամիջոցների աշխատակիցների դեմ նման բռնարարքների չբացահայտված մնալու հանգամանքը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ և նպաստում է ապագայում լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ նմանատիպ բռնությունների այլ դեպքերի կրկնությանը»:
ԵԱՀԿ ներկայացուցիչը նաև մտահոգություն է արտահայտել Հայաստանում լրագրողների դեմ նախկինում իրականացված բռնությունների կապակցությամբ` անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Երևանի բյուրոյի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի և «Հետաքննող լրագրողներ»-ի ասոցիացիայի նախագահ Էդիկ Բաղդասարյանի դեմ գործադրված բռնությունների չբացահայտված դեպքերին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը գրություններ է ուղարկել Հայաստանի իրավապահ մարմիններին` հարցում անելով անկախ լրագրողների դեմ բռնությունների վերը նշված գործերի ընթացքի և նախորդ դեպքերի քննության արդյունքների վերաբերյալ:
«Մենք դատապարտում ենք լրատվության աշխատակիցների, հետևաբար, նաև ազատ խոսքի դեմ բռնարարքների դրսևորումները ու ակնկալում, որ իրավապահ մարմինները նոր թափով կիրականացնեն վերոհիշյալ դեպքերի պատշաճ քննությունը` համապատասխան ժամկետներում հայտնաբերելով և պատժելով մեղավորներին: Այդ գործերի ետևում կանգնածների արագ բացահայտումը և նրանց պատասխանատվության ենթարկելը հետագայում կկանխի նման դեպքերը, լրագրողների համար կստեղծի անվտանգ աշխատանքային միջավայր և կօգնի, որպեսզի հանրությունը լիարժեք և ազատ կերպով օգտվի բազմակարծիք տեղեկություններ ստանալու իր իրավունքից»-ասել է դեսպան Կապինոսը:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.a1plus.am/am/politics/2009/05/13/sergey-kapinos