Եթե ռազմական ակադեմիան ավարտած 300 սպան էլ դատվում են` բանակ կմնա՞
14:24, March 19, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՄինչեւ 1988թ-ը բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու մտահոգություն չի եղել: Սակայն Խորհրդային Միության փլուզումից, երկրաշարժից, պատերազմից հետո այդ խնդիրը պետք է լրջորեն անհանգստացներ անկախացած Հայաստանի բոլոր նախագահներին, որպեսզի 18 տարի անց չկանգնեին բանակ համալրելու խնդրի առջեւ: Դա դժվար չէր կռահել, քանի որ այն տղաները, ովքեր պետք է երկրաշարժի, քաղաքական բեկումնային փոփոխությունների ժամանակ հայր դառնային, այդպես էլ չդարձան. զոհվեցին կամ աղետի զոհ դարձան…, իսկ նրանք, ովքեր Աստծո ողորմածությամբ կենդանի մնացին, շատերը լքեցին Հայաստանը: Եւ երկրաշարժից 18 տարի անց` 2006-ին, երբ բանակի համալրման խնդիրն արդեն իրողություն էր, նախագահներից եւ ոչ մեկը չուներ ներքին մարտահրավերին դիմակայելու ծրագիր, ռազմավարություն… Եւ վերջին տարիներին ուղղակի ոտքի վրա որոշեցին, որ պայմանագրային զինծառայության տարբերակը ներդնելով Հայաստանը պաշտպանված կլինի: Մինչդեռ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելն է Հայաստանի փրկությունը: «Զինվորական պայմանագրային ծառայության տարբերակը, որով փորձ է արվում լրացնել զորակոչի համար անհրաժեշտ թվաքանակը, չի արդարացնում»,-նշեց իրավապաշտպանը: Իսկ թե կոնկրետ ինչու չի արդարացնում, նախ հասկանանք, թե ինչ են անում պայմանագրային զինծառայողներն ամսվա ընթացքում եւ որքան գումար են ստանում:
Պայմանագրային զինծառայության վերաբերյալ պայմանագիրն ամրագրում է, որ պայմանագրային զինծառայողը 1 ամսվա 14 օրը պետք է լինի մարտական հերթապահության մեջ, 2 օր` վերակարգում, 3 օր տրվում է մարզական վարժանքներին, 1 օր` հերթափոխի արդյունքների ամփոփմանը, 3-5 օր պետք է ներգրավված լինեն ինժեներական աշխատանքներին: Ընդ որում, 14-օրյա մարտական հերթապահության ընթացքում, ազատ ժամերին պայմանագրայինները կրկին ներգրավվում են ինժեներական աշխատանքների մեջ: Այսինքն, զինվորականը զբաղված է լինում ամսվա 23-25 օրը, մինչդեռ պայմանագրով նախատեսված է նաեւ 14-օրյա հանգիստ: Ստացվում է, որ ամսվա օրերը քիչ են այդ ամենը կազմակերպելու համար, հետեւաբար զինվորը պարզապես զրկվում է հանգստի իրավունքից: Եւ այդ ամենի դիմաց պայմանագրային զինծառայողը ստանում 120.000 դրամ: Չմոռանանք նշել, որ դիրքում ծառայություն կատարողը օրվա համար ստանում է 1000 դրամ, իսկ տուն գնալ- գալու փողն էլ պայմանագրային զինծառայողը կամ արտաաշախտավարձային սեփական բյուջեի հաշվին պետք է հոգա, կամ մի կերպ տեղավորվի աշխատավարձի մեջ: Արդյո՞ք սա ստրկական վիճակ չէ: Արդյո՞ք պայմանագրային զինծառայության տարբերակը վտանգի տակ չէ, եւ կարճ ժամանակ հետո մարդիկ չեն հրաժարվի այդ աշխատանքից: Համենայնդեպս, քիչ չեն դեպքերը, երբ պայմանագրային զինծառայողներն են ինքնակամ լքում զորամասը: Այս ամենը հաստատում է, որ կառուցվածքային փոփոխություն կատարելը եւ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելն անհրաժեշտություն է: Իսկ ինչու չանցնել պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը, որտեղ բարձր ստանդարտներ են, եւ որի ֆինանսավորումը կարելի է ապահովել նաեւ ռազմական բյուջեի այն միջոցների հաշվին, որոնք խնայվում են զորակոչիկների նվազման արդյունքում. եթե համապատասխան թվաքանակի զինվոր չեն պահում, ուրեմն ռազմական բյուջեի այդ միջոցները պետք է խնայվեին… Բայց պրոֆեսիոնալ բանակի ստեղծման համար կան լուրջ խոչընդոտներ, որոնք պետք է վերացվեն, եւ որոնց վերաբերյալ Արթուր Սաքունցը մի քանի հարցադրումներ է ուղղում իշխանություններին:
- Վերոնշյալ ոչ շահավետ պայմաններում պայմանագրային զինծառայողները կցանկանա՞ն շարունակել զինծառայությունը:
- Գոյություն ունի «պիտանի է ոչ շարային ծառայության համար» հասկացություն, որը վերաբերում է առողջական որոշակի խնդիրներ ունեցող զորակոչիկներին, որոնք չեն կարող կատարել զինվորական այն բոլոր դժվար պարտականությունները, որոնք պարտադիր են շարային ծառայության համար պիտանի, ֆիզիկապես առողջ երիտասարդների համար: Աշնանային կամ գարնանային զորակոչի ժամանակ հնարավո՞ր է, որ բոլորը պիտանի չլինեն շարային ծառայության համար, կամ քանի՞ տոկոսին կարող է նման իրավունք տրվել` եթե չկա թույլատրելի առավելագույն տոկոս:
- ՀՀ պաշտպանության փոխնախարար Միքայել Գրիգորյանի նամակում հնչեցված այն մտահոգությունները, որոնք վերաբերում էին բանակում տիրող իրավիճակին, զինվորների սոցիալական դրությանը, երբ թալանում են գերթե բոլորը եւ ամեն ինչ, ինչու՞ մնաց անհետեւանք:
- Մեր լավատեղյակ աղբյուրին հայտնի է դարձել մի տեղեկություն, ըստ որի անցյալ տարի մոտ 300 սպաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Հարց` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան տարին 300-400 շրջանավարտ է ունենում: Եթե մեկ տարվա ընթացքում հենց այդքան սպա էլ ենթարկվում է քրեական հետապնդման, ուրեմն այդ ակադեմիան ինչպիսի՞ կադրեր է պատրաստում եւ ովքեր ու ի՞նչ պատասխանատվություն են կրում բանակը կարգազանց սպաներով համալրելու համար: Այսինքն կարգապահություն չկա, որտեղից էլ սկսվում են զինվորական հանցագործությունները:
- Ինչու՞ է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի եւ նրա որդու` Գրիշա Խաչատուրովի կլանը մնում անձեռնմխելի: Արդյո՞ք չի բացակայում օրենքի գերակայությունը:
Սրանք են ՀՀ զինված ուժերի այն ներքին սպառնալիքները, որոնց հետեւանքով կազմաքանդվում է բանակը: Եւ քանի դեռ չեն լուծվել այդ խնդիրները, եւ զինված ուժերը չունեն օրենքի տառին եւ ոգուն համապատասխան քաղաքականություն, իշխանությունը եւ պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չեն կարող համոզել, վստահեցնել Հայաստանի քաղաքացուն /ում հարկերից էլ սնվում է/, որ նա պաշտպանված է:
Աղբյուրը՝ «Ժամանակ» օրաթերթ
Էլմիրա Մարտիրոսյան