Արթուր Սաքունց.«Փաստաբան Գուրգեն Հարությունյանի նկատմամբ քրգործ հարուցելը ոտնձգություն է պաշտպանական ինստիտուտի հանդեպ»
06:20, May 18, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՀանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գուրգեն Հարությունյանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով վերացնել տուժողին եւ վկային սուտ ցուցմունք տալուն դրդելու համար իր դեմ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, խուլիգանության մեջ մեղադրվող վանաձորցի Մուշեղ Կիրակոսյանի նկատմամբ կայացրել էր արդարացման դատավճիռ:
Մեղադրական կողմի` վերաքննիչ բողոքի մեջ նշվել է նաեւ, որ վերոնշյալ գործի շրջանակներում տուժողին եւ վկային սուտ ցուցմունք տալուն դրդելու համար Լոռու մարզի քննչական բաժնում Գուրգեն Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ փաստաբանի նկատմամբ կատարվածը ոտնձգություն է պաշտպանական ինստիտուտի հանդեպ:
«Այս քայլը կարելի է դիտել ճնշում եւ փաստաբանի, եւ այն անձի, ում նկատմամբ դատական գործ կա, եւ դատական իշխանության նկատմամբ»,-ասում է Արթուր Սաքունցը` հավելելով, որ առաջին ատյանի դատարանի տված գնահատականին միայն հաջորդ ատյանը կարող է գնահատական տալ, ոչ թե դատախազությունը: «Դատարանի կողմից գնահատված ապացույցները, ցուցմունքները, վճռի մեջ ամփոփված ապացույցները հաշվի չառնելով, փաստորեն, քննչական մարմինը փաստաբանի նկատմամբ քրեական գործ է հարուցում` պատճառաբանելով, որ այդ աապացույցները, որոնք դատաքննության ընթացքում արդեն դատարանը գնահատել է հավաստի, ձեռք են բերվել սուտ ցուցմունք տալուն դրդելու միջոցով».-ասում է նա:
Նա նշում է, որ այս քայլով դատախազությունը եւ քննչական մարմինը իրենց ավելի բարձր են դասում դատական մարմնից:
Փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ, ով դատարանում 8 փաստաբանների հետ զբաղվում է կոլեգայի շահերի պաշտպանությամբ, հավատացնում է, որ նման քայլով նախաքննական մարմինն ընդամենը փորձում է իր թերությունները, սխալները սքողել:
«Կայացվել է արդարացման դատավճիռ, որը նշանակում է` հետաքննական մարմինը, նախաքննական մարմինը, հսկող դատախազը ակնհայտորեն թերացել են եւ անհիմն մեղադրանք են առաջադրել մի մարդու, ով անմեղ է,-ասում է փաստաբանը,-իրենց ակնհայտ թերությունները, իրենց բացթողումները, որոշակի նախադեպային որոշումների կամ չիմացությունը կամ իմանալը ու անտեսելը ինչ-որ մի ձեւով իրենց վերադասների մոտ արդարացնելու համար քավության նոխազ են փորձել գտնել եւ քրեական գործ հարուցել փաստաբանի նկատմամբ»:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/05/17/71699/