Ենթարկվել է բռնության, բայց քրեական գործ չի հարուցվել
14:56, September 17, 2012 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2012 թ. օգոստոսի 18-ին իր իրավունքների պաշտպանության համար Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Ն. Ափինյանը:
Օգոստոսի 17-ին ոստիկանության աշխատակիցները Ն. Ափինյանին աշխատանքի վայրից բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժին, որտեղ էլ ենթարկել են ճնշումների:
Ոստիկանության բաժնի աշխատակիցները Ն. Ափինյանին ասել են, որ նա մասնակից է եղել ինչ-որ ծեծկռտուքի և պնդել են, որպեսզի բացատրություն գրի տվյալ միջադեպի վերաբերյալ: Տեղյակ չլինելով միջադեպից` Ն. Ափինյանը հայտնել է, որ տեղեկություններ չունի ու հրաժարվել բացատրություն տալ, որից հետո ոստիկանության աշխատակիցները սկսել են հայհոյել և հարվածել նրան:
Ն. Ափինյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված անօրինական գործողությունները, հոգեբանական և ֆիզիկական բռնությունները, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը տևել է շուրջ 5 ժամ, որից հետո չդիմանալով ճնշումներին՝ Ն. Ափինյանը բացատրություն է գրել:
2012 թ. օգոստոսի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, պատճենը՝ ՀՀ գլխավոր դատախազություն:
2012 թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 17:30-18:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի քիմգործարանի այգու մոտ, ոստիկաններից մեկը մոտեցել է Ն. Ափինյանին, ներողություն խնդրել՝ հայտնելով, որ զղջում է իրենց կատարած գործողությունների համար և խնդրել է, որ հետ վերցնի իր կողմից ներկայացված բողոքը:
Նույն օրը` 2012 թ. օգոստոսի 22-ին, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում, Ն. Ափինյանին զանգահարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ և կանչել Լոռու մարզի դատախազություն:
Քննիչի կանչով դատախազություն ներկայանալուց հետո քննիչի թելադրմամբ Ն. Ափինյանը գրել է բացատրություն այն մասին, որ ինքը բողոք չունի, և ոստիկանությունում իր նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություններ չեն իրականացվել:
2012 թ. օգոստոսի 23-ին Ն. Ափինյանը դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հայտնելով, որ 2012 թ. օգոստոսի 22-ին տրված բացատրությունը ինքը գրել է ճնշումների ազդեցության ներքո և խնդրել է ընթացք տալ 2012 թ. օգոստոսի 18-ին կազմակերպության կողմից ներկայացրած հաղորդմանը:
2012 թ. օգոստոսի 25-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` Ն. Ափինյանի անվտանգությունն ապահովելու պահանջով:
2012 թ. օգոստոսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստացվել է պատասխան գրություն, ըստ որի դիմումը ուղարկվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:
2012 թ. օգոստոսի 24-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանը կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:
2012 թ. օգոստոսի 31-ին կազմակերպության կողմից դիմում-բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ.Ս. Հովակիմյանի 2012 թ. օգոստոսի 24-ի որոշումը վերացնելու պահանջի մասին:
2012 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստացվել է պատասխան գրություն, որով հայտնվել է, որ «……: Նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, այն վերացնելու հիմքեր չկան»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2012 թ. սեպտեմբերի 14-ին դիմում է ներկայացրել ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել կազմակերպության 2012 թ. օգոստոսի 31-ին ներկայացված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնել որոշում: