ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է ոստիկանության աշխատակիցների գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ
14:33, October 15, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք | Ոստիկանություն2012 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության գործով նախնական դատական նիստը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության աշխատակիցների գործողությունները՝ 2012 թ. ապրիլի 16-ին կազմակերպության և նրա աշխատակիցների նկատմամբ տեղի ունեցած հարձակման ժամանակ:
Դատական նիստին մասնակցում էին հայցվորի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը և պատասխանողի ներկայացուցիչ Նարեկ Քոչարյանը:
Նիստի ընթացքում Կարեն Թումանյանը ներկայացրեց երկու միջնորդություն: Առաջին միջնորդությամբ Թումանյանը դատարանին միջնորդեց հայցվոր կողմին տրամադրել ծառայողական քննության նյութերում առկա բոլոր փաստաթղթերի լուսապատճենները:
Կարեն Թումանյանը մինչ այդ գրությամբ դիմել էր ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ա. Համբարյանին` ծառայողական քննության նյութերում առկա բոլոր փաստաթղթերը ստանալու համար, սակայն ստացել էր պատասխան, ըստ որի տեղեկատվության տրամադրումը մերժվել էր` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի հիմքով:
Պատասխանողի ներկայացուցիչը նիստի ընթացքում չկարողացավ հիմնավորել ծառայողական քննության նյութերի գաղտնիք լինելու կամ չլինելու հանգամանքը: Դատարանը պահանջեց պատասխանողի ներկայացուցչին ներկայացնել հիմնավորումներ, թե ինչու է նման տեղեկատվությունը համարվում գաղտնի:
Դատական նիստի ընթացքում Կարեն Թումանյանը ծանոթացավ պատասխանողի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանին և Մարգարիտա Խաչատրյանի վերաբերյալ կայացված վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմանը:
Այնուհետև միջնորդեց, որպեսզի ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը դատարան ներկայացնի Մարգարիտա Խաչատրյանի վերաբերյալ վարչական իրավախախտումների մասին վարույթի նյութերը: Դատարանը բավարարեց միջնորդությունը և պատասխանող կողմը պարտավորվեց տասնօրյա ժամկետում ներկայացնել պահանջվող տեղեկությունը:
Նախնական դատական նիստը հետաձգվեց: Օրվա և ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ 2012 թ. ապրիլի 16-ին՝ ժամր 10:50-11:30-ն ընկած ժամանակահատվածում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների նկատմամբ տեղի է ունեցել բռնություն, որը զուգորդվել է առողջությանը վնաս հասցնելով և կազմակերպության գույքը դիտավորությամբ ոչնչացնելով: Կազմակերպության աշխատանքային տարածքի վրա հարձակման ժամանակ ներկա են եղել ոստիկանության մի շարք աշխատակիցներ, որոնց կողմից հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ չեն ձեռնարկվել:
2012 թ. ապրիլի 30-ին ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ Մարգարիտա Խաչատրյանի անօրինական գործողություններով դիտավորությամբ վնասվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գույքը, որն առաջացրել է մանր չափերի վնաս: Վարչական վարույթի արդյունքում Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ քառասուն հազար դրամի չափով:
Սակայն, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրավապահ մարմիններին տրամադրված տեսանյութերում ակնհայտ երևում է, որ գրասենյակի ուղղությամբ քար նետում է երիտասարդը, որի ինքնության ճշտման ուղղությամբ իրավապահ մարմինները որևէ գործողություն չեն կատարել: