Մեկնարկեց «Զորակոչիկների և զինծառայողների իրազեկումը և նրանց ներգրավումը իրենց իրավունքների պաշտպանության մեջ» ծրագրի երկրորդ փուլը
11:13, September 9, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Իրավունքների չարաշահման արգելում | Զինված ուժերԵվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության/Ժողովրդավարական Հաստատությունների և Մարդու Իրավունքների Գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ֆինանսական աջակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է իրականացնել «Զորակոչիկների և զինծառայողների իրազեկումը և նրանց ներգրավումը իրենց իրավունքների պաշտպանության մեջ» ծրագիրը: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի ապրիլից:
Ծրագրի նպատակն է զորակոչիկների շրջանում իրազեկվածության բարձրացումը զորակոչի և զինծառայության ընթացքում իրենց իրավունքների վերաբերյալ:
Ծրագրի առաջին փուլը իրականացվել է հունիս ամսին Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան և Ալավերդի քաղաքների զորակոչիկների համար:
Այս անգամ դասընթաց-սեմինարներն անցկացվում են վերոհիշյալ քաղաքների նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդների շրջանում:
Ծրագրրի երկորդ փուլի առաջին դասընթացն անցկացվեց 2013 թ. սեպտեմբերի 5-ին Սպիտակ քաղաքում, սեպտեմբերի 6-ին՝ Ստեփանավան, իսկ սեպտեմբերի 7-ին՝ Վանաձոր քաղաքներում:
Դասընթացները վարում էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Վերջինս դասընթացի մասնակիցներին նախ նեկայացրեց մարդու իրավունքների ընդհանուր դրույթները՝ աստիճանաբար անցում կատարելով դասընթացի հիմնական թեմային՝ զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին ու դրանց արդյունավետ պաշտպանությանը:
Ինչպես դասընթացի առաջին փուլում, այս անգամ ևս դասընթացի մասնակիցներին տրամադրվեցին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակված ՀՀ նախազորակոչիկների, զորակոչիկների և զինծառայողների պարտականությունների մասին իրավական տեղեկատվական գրքույկներ, որում մատչելիորեն ներկայացված են վերջիններիս իրավունքներն ու պարտականություննրը` սկսած զինվորական հաշվառումից (կցագրում) մինչև զորացրումը եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների իրավունքները եւ պարտականությունները:
Դասընթացի ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ հետևյալ թեմաներին.
- Նախազորակոչիկների իրավունքներն ու պարտականությունները զինվորական հաշվառման ընթացքում
- Զորակոչիկների իրավունքներն ու պարտականությունները զորակոչի ընթացքում
- Զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները զինծառայության ընթացքում
- Տեղեկատվություն սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար:
Դասընթացի մասնակիցներին մանրամասն բացատրվեցին զորակոչը և զինծառայությունը կարգավորող օրենսդրության դրույթները, մասնավորապես՝ այն պարտականություններն ու իրավունքները, որոնք վերապահված են զորակոչիկների կամ զինծառայողների կցագրման, զինծառայությունից ազատման և տարկետման, զինծառայության ընթացքում բողոքարկման, խրախուսանքների, տույժերի և արձակուրդների տրամադրման դեպքում:
Բոլոր երեք քաղաքներում դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան դասընթացի ընթացքում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Սեպտեմբերի 10-ին նախատեսվում է անցկացնել վերջին՝ թվով չորրորդ, դասընթաց-սեմինարը Ալավերդի քաղաքում, որին կարող են մասնակցել նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձինք եւ նրանց ծնողները:
Կից Ձեզ ենք ներկյացնում տեղեկատվական գրքույկը: