«Սաղ բլեֆչի են՝ Սերժից սկսած, Օհանյանով, մյուսներով». ջրծաղիկից մահացած զինվորի հայրը պատրաստվում է դիմել իրավապաշտպան կառույցներին և ապաստարան խնդրել
14:15, September 13, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, բարձրաձայնում է, որ արդեն 4-5 ամիս շարունակ որդու մարհվան գործով դատաքննություն տեղի չի ունենում: Մայիս ամսից մինչև այժմ դատական ոչ մի նիստ տեղի չի ունենում տարբեր պատճառաբանություններով:
«Արհեստական ձգձգում են: Հիմա դարձյալ նոր փորձաքննություն է նշանակվել: Այսինքն այնպես են անում, որ գործը ավարտեն, փակեն, ծալեն դնեն կողքի ու վերջ: Ժամանակի վրա են աշխատում, չտեսա՞ք Լիսկայի տղային ու թիկնապահին ոնց հանեցին, նույնի կրկնությունն է նաև իմ երեխի գործը, նորից բռնեցին, կալանավորեցին, ասին՝ ամբաստանյալ եք, ձեր պատճառով է եղել, որ էդ
երեխան մահացել է, հետո օրեր հետո ազատ արձակեցին, հիմա ասում են՝ ոչ ոք էլ մեղավոր չէ:
Իմ տղան գնաց հողի տակ պառկավ, իսկ մնացած բոլորը ազատության մեջ են: Ամբաստանյալների համար փաստաբանը միջնորդեց, հոդվածներ փոխեցին, որ ոչ թե սրանք նստեն, այլ դրամական մուծումներ անեն, հիմա ոնց տեսնում եմ՝ ուզում են լրիվ մաքուր սարքել, անմեղ դուրս բերել…»:
Զոհված զինվորի հայրը հայտարարում է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու դատաքննության ավարտին որոշեցին նոր փորձաքննություն անցկացնել:
«Մենակ մի բան կարող եմ ասել, որ ձգձգում են… Այսօր դատախազը չկա, մյուս օրը՝ մյուսը չկա, երրորդ օրը՝ փորձաքննություն և այլն և այլն: Աչքիս դեմը երեխայիս սպանեցին և հիմա ինչ են անում, անօրեն երկիր է, ոչ մի բան էլ չի լինի:
Երևի սպասելու եմ համբերությամբ զինված, դրանից հետո ատյանները ավարտվի, կդիմենք Եվրոպական դատարան, իսկ եթե դա էլ չեղավ, պիտի դիմեմ գերտերություններին և թողնեմ գնամ իմ հարազատ երկրից, նամուսս քաշեմ գնամ, էս անարդարության մեջ ես չեմ կարող ապրել, էս երկիրը մերը չէ, մեր պես մտածողներինը չէ, էս երկիրը իրանցն է, իրանց պես անօրեններինն է»:
Մովսես Խաչատրյանն ասաց նաև, որ երբ որդու մահից հետո խոստումներ են տվել, որ ամեն ինչ անելու են գործը բացահայտելու համար, սակայն հիմա այլևս ոչ այդ խոստումներն են ի կատարածվել, ոչ խոստում տվողներ կան:
«Եթե հիշում եք, կառավարական հանձնաժողով ստեղծեցին, պարզվեց, որ դրանք ընդամենը թատերական բեմականացում էր, ներկայացում, նման բան չկա, մարդկանց հավաքել են, ասել են՝ հանձնաժողով ենք սարքել, այսինքն սաղ բլեֆչի են՝ Սերժով, Օհանյանով բանով, սաղ բլեֆչի են, սա էլ երկիր կոչվելու իրավունք ունի՞, որ էդ բլեֆչիներն են ղեկավարում, ու մենք էլ հանդուրժում ենք»:
Մովսես Խաչատրյանն ասաց, որ եթե շարունակեն անհարկի ձգձգել, ինքը կդիմի գործուն քայլերի, պատրաստվում է նամակներ հղել Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և ապաստան խնդրել՝ այլ երկիր տեղափոխվելու համար:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/hayk-khachatryan_13092013.html