Մատաղիսի գործը նոր քննության կառնվի
October 24, 2013Մատաղիսի գործով տուժող՝ 2004 թ-ին սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի ծնողներն այսօր եկել էին Գյումրի՝ ռազմական ոստիկանություն՝ ծանոթանալու իրենց որդու սպանության գործի նոր քննության ընթացքին: 2012 թ-ի դեկտեմբերին արդարացվել էին երեք ամբաստանյալ զինծառայողները, եւ Մկրտումյանի հարազատները կրկին բողոք էին ներկայացրել զինդատախազություն՝ նոր քննություն սկսելու համար: Մեր լրագրողի հետ զրույցում Հովսեփ Մկրտումյանի մայրը՝ Գրետա Մնացականյանը, նշել է, թե հույս ունեն, որ վերջապես 10 երկար ու ձիգ տարիներից հետո իրենց որդու սպանողները, իսկական հանցագործները կբացահայտվեն եւ կհայտնվեն դատարանի առաջ: Մկրտումյանների հետ այսօր Գյումրի էր եկել նաեւ փաստաբան Հայկ Ալումյանը, ով հանդիսանում էր արդարացված երեք ամբաստանյալների պաշտպանը: «Մենք ծանոթացանք վարույթ իրականացնող մարմնի աշխատակիցների հետ եւ հուսով ենք, որ իրական մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- Ռազմական ոստիկանությունից դուրս գալուց հետո հայտարարել է փաստաբանը: