Արթուր Սաքունց. «Երեկ Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդավարության բռնաբարություն»
10:40, December 3, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն | Ոստիկանություն, Տեղական ժողովրդավարություն«Արժանապատիվ հայրենք նախաձեռնությունն իրապես նախաձեռնություն է` գաղափարի աջակցության տեսակետից: Մենք դեմ ենք Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն»,-այսօր լրագրողներին ասաց երեկվա ակցիայի մասնակից, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա հավատիացնում է, որ պրոցեսը Մաքսային միության դեմ շարունակվում է: «Խմբավորումները՝ ուղղված Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու դեմ, ավելի մասսայական են լինելու ու նաև այլ դրսևորումներ են ունենալու»:
«Ոստիկանությունը երեկ հինգ հայտարարություն է տարածել, սա եզակի երևույթ է: Հիմնական հայտարարությունները վերաբերում էին ակցիայի մասնակիցների կողմից հասարակական կարգի խախտմանը: Ակցիայինն, որպես շտապ հավաք, իրազեկված են եղել համապատասխան ատյաններում: Ավելին՝ ոստիկանությունը զանգահարել և ասել է այն մարդու անունը, ով կապահովի խաղաղ երթի անցկացումը, այսինքն՝ ոստիկանությունն ընդունել է շտապ հավաքի իրողությունը»,-ասում է Սաքունցը: Նա նշում է, որ իրենք 6 ժամ իրավունք ունեին խաղաղ հավաք անցկացնելու, նշված էր հավաքի տեղն ու երթուղին, որը ձգվելու էր մինչև Բաղրամյան 26:
«Հասարակական կարգն առաջինը խախտել է ոստիկանությունը, որը կարգադրում էր դադարեցնել խաղաղ ակցիան:Առավոտյան արդեն 12 մարդու բռնել տարել էին՝ ընդամենը պաստառ կախելու համար»,-ասում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը: Բանախոսը համոզված է, որ երեկ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն էր հայտարարված: «Չեն հայտարարել արտակարգ իրավիճակի մասին, բայց իրականացնում են արտակարգ ռեժիմին բնորոշ վարվելակերպ: Սա ահաբեկչական մտածելակերպ է: Եթե կա ահաբեկչական կազմակերպություն՝ հանձինս ոստիկանության, շատ դժվար է կողմնորոշվել՝ որն է ճիշտն ու սխալը, որովհետև հանուն մարդկանց ազատության դու պատրաստ ես ամեն ինչի»:
Սաքունցը հավաստիացնում է, որ Բաղրամյան 26-ում իրենք նախատեսել էին խաղաղ ցույց, որովհետև իրենք դեմ են Հայաստանի բռնակցմանը Մաքսային միությանը: Իսկ այդ որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանը, ով ՀՀ-ի ոչ օրինական ղեկավարն է և իրավունք չունի միանձնյա որոշումներ կայացնելու: «Նրանք վախեցան հրապարակային լսել այս ամենը, չնայած մեր խոսքը տեղ է հասել, միջազգային պատշաճ իրազեկում է ստացել», -ասում է Սաքունցը: Իրավապաշտպանը կարծում է, որ երեկ Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդավարության բռնաբարություն:
Աղբյուրը՝ http://nyut.am/archives/97906