Տեղի ունեցավ «Մարդու իրավունքները եւ խտրականության արգելքը միջազգային իրավական կարգավորումների եւ ներպետական իրավունքի զարգացման համատեքստում» դասընթացը
18:29, April 23, 2014 | Նորություններ, Սեփական լրատվությունԵվրոպայի խորհրդի եւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) համատեղ ուժերով «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ԵՄ/ԵԽ համատեղ ծրագրի շրջանակներում 2014 թ. ապրիլի 19-ին Վանաձորում տեղի ունեցավ «Մարդու իրավունքները եւ խտրականության արգելքը միջազգային իրավական կարգավորումների եւ ներպետական իրավունքի զարգացման համատեքստում» թեմայով դասընթացը:
Դասընթացը վարեցին Եվրոպայի խորհուրդի կողմից վերապատրաստողների վերապատրաստման դասընթացի շրջանակներում վերապատրաստված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Շահերի պաշտպանության բաժնի համակարգող Անահիտ Չիլինգարյանը և իրավաբան Արայիկ Զալյանը: Դասընթացը նվիրված էր Միջազգային իրավական կարգավորումների և ներպետական իրավունքի զարգացման համատեքստում Մարդու իրավունքների և խտրականության արգելքի խնդիրներին:
Շուրջ 20 մասնակիցները (փաստաբաններ, իրավաբաններ, իրավապաշտպաններ) դասընթացի ընթացքում գիտելիքներ ստացան խտրականություն հասկացության (նաև ներպետական օրենդրության մակարդակում), խտրականության տեսակների, խտրականության արգելքի բացառությունների, ինչպես նաև ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի խտրականության արգելքով պաշտպանված հիմքերի և խտրականության գործերի դատավարական հատկանիշների վերաբերյալ: Դասընթացի մասնակիցներին հանգամանորեն ներկայացվեցին խտրականության տեսակներն (Ուղղակի խտրականություն, Անուղղակի խտրականություն, Խտրականության հրահրում, Ասոցացված խտրականություն, Հետապնդում, Վիկտիմիզացիա) ու դրանց մասնավոր դեպքերի օրինակների վրա բացատրվեցին դրանց առանձնահատկությունները:
Դասընթացի ընթացքում քննարկվեցին խտրականության դրսևորման ՀՀ օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված տեսակները, նախադեպային գործերի օրինակների միջոցով ներկայացվեցին խտրականության գործերի վերաբերյալ ՄԻԵԴ դիրքորոշումները:
Դասընթացի մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով ամրապնդեցին ստացած գիտելիքները: Խմբերին իրական դեպքերի վերաբերյալ տրվել էին առաձին իրավիճակային խնդիրներ, որոնց վերլուծելու միջոցով մասնակիցները պետք է հիմնավորեին խտրականության առկայությունը, դրա տեսակն ու գտնեին խնդրի լուծման ուղիներ: