2-ամյա Լիայի մահվանից երկու օր անց հիվանդանոցում ոչ ոք չի իմացել՝ ինչից է մահացել երեխան
08:20, April 28, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Երեխաների իրավունքներՀունվարի 4-ին` 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքից 2 օր անց, հիվանդանոցում ոչ ոք ճշտգրիտ չի իմացել, թե ինչի պատճառով է մահացել երեխան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննության ժամանակ ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի բուժքույր Սուսաննա Իսպիրյանը:
Բուժքույրը պատմեց, որ հունվարի 1-ին, երբ Լիա Միսակյանը հիվանդանոցում էր, ինքը հերթապահել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, եւ չի եղել Լիա Միսակյանի սենյակի բուժքույրը. «Ինձ մանրամասներ հայտնի չէ: Լիա Միսակյանը չի գտնվել իմ հսկողության տակ, ես տեղյակ չեմ»:
Դատախազ Դավիթ Կարապետյանի այն հարցին, թե երբ է իմացել, որ հիվանդանոցում երեխա է մահացել, վկա Իսպիրյանը սկզբում ասաց. «Չեմ հիշում, իմ հաջորդ հերթապահությունը եղել է ամսի 6-ին, եկել եմ աշխատանքի, բայց չեմ իմացել, որ Լիան մահացել է»:
Դատախազը զարմացած հարցը կրկնեց.« Չիմացա՞ք, որ երեխա է մահացել Ձեր հիվանդանոցում, ե՞րբ իմացաք, որ երեխա է մահացել»:
Այս հարցից հետո վկան հիշեց՝ երբ է լսել երեխայի մահվան լուրը. «Որքան հիշում եմ՝ ամսի 4-ին իմացա տանը»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հարցին՝ արդյոք բուժքույրը չի հետաքրքրվել, թե ինչն է դարձել Լիայի մահվան պատճառը, վկա Սուսաննա Իսպիրյանը պատասխանեց. «Չեմ ասի, որ չեմ հետաքրքրվել, բայց կոնկրետ պատասխան չեմ ստացել, որովհետև ոչ ոք տեղյակ չի եղել ճշգրիտ»:
Վկայի հարցաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը կասկած հայտնեց, որ բժշկական կենտրոնի լաբորատորիան հունվարի 1-ին չի աշխատել:
Դատավոր Լևոն Ավետիսյանն էլ Արթուր Սաքունցին հավաստիացրեց, որ ինքը կպարզի՝ լաբորատորիան աշխատել է, թե ոչ. «Այնտեղի գրանցումները 6 ամիս պահվում են համակարգչում, ես խոստանում են ձեզ, դա կբացահայտեմ»:
Սուսաննա Իսպիրյանը Արթուր Սաքունցի հարցերին պատասխանելիս հունվարի 1-ի իրենց աշխատանքային օրը բնութագրեց «ծանրաբեռնված», քանի որ այդ օրն իրենց չի օգնել ցերեկային բուժքույրը. նրանք տոն օրերին չեն աշխատում:
Մեղադրյալ Զարուհի Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ այդ օրերին Այվազյանը 107 հիվանդ է սպասարկել:
Հիշեցնենք, որ 2-ամյա Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է եւ աղջնակը մահացել է: Երեխայի հայր Գեորգի Միսակյանը կարծում է, որ դստեր մահվան պատճառը բժիշկների անփութությունն է եղել: Հոր պնդմամբ՝ բավարար ուշադրություն չեն դարձրել երեխայի վրա, ժամանակին ճիշտ ախտորոշում չեն տվել:
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Աղբյուրը` news.am