Արթուր Սաքունցը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին. «Թող իրերը վերցնի, գնա մեր երկրից»
15:30, April 29, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Պերսոնա նոն գրադա, թող իրերը վերցնի, գնա մեր երկրից»,- այսօր Ազատության հրապարակում ընդդեմ Մաքսային միության՝ այդպես էլ չկայացած երթին մասնակցելու եկած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այսպես արտահայտվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հայտարարել էր, թե «ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին «մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով» կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն»: Արթուր Սաքունցը պնդեց, թե ՌԴ-ում պետք է հասկանան հետևյալը. «Եթե դեսպանը մտածում է, որ Էդիկ Նալբանդյանը և Սերժ Սարգսյանը չեն կարող իրեն հակադարձել, ապա թող հասկանա, որ կան քաղաքացիներ, որ հակադարձում են: ՌԴ-ն ֆաշիստական համակարգ է և դեսպանը՝ որպես ֆաշիստական համակարգի ներկայացուցիչ, առավել ևս ոչ մի բան չունի անելու այստեղ»:
Aravot.am-ի հարցին՝ ռուսական կողմից հնչող այսպիսի հայտարարությունները ինչի՞ արդյունք են, պարոն Սաքունցը պատասխանեց. «ՀՀ իշխանությունները որևէ կերպ այդ հայտարարությանը չարձագանքեցին: Ըստ էության ՀՀ-ն ղեկավարվում է ոչ թե Բաղրամյան 26-ից, կամ կառավարությունից, այլ ՌԴ դեսպանի կողմից: Դեսպանի հայտարարությունը ցուցում էր ՀՀ իշխանություններին, թե ինչ պիտի անել այն ակտիվիստների, քաղաքական շարժումների նկատմամբ, որ կփորձեն ապակայունացնել իրավիճակը: ՀՀ էլիտան չի արտահայտում ՀՀ քաղաքացու շահերը, հակառակ դեպքում նոր նշանակումները կընդունեին բացականչություններով: Այն, որ քաղաքական էլիտան ունի Հայաստանը, պուտինյան տիրապետությանն և Կրեմլին հանձնելու նպատակ, դա ևս փաստ է»:
Աղբյուրը` www.aravot.am