Ս. Սարգսյանը էլ ինչու՞ գնա Մինսկ. Պուտինը միանձնյա էլ կարող է որոշումներ կայացնել
17:44, April 29, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Երեկ Ռուսաստանի ներկայացուցիչը շատ ոգևորված էր Հայաստանի կատարած աշխատանքներով, մեր կատարած քայլերով, որ մերոնք շատ մեծ տեմպերով են անհրաժեշտ փոփոխություններն ապահովում: Մի կողմից այդպես ոգևորված են, սակայն մյուս կողմից էլ մեր ներկայացուցիչը չի մասնակցում: Ամեն դեպքում կարևոր էլ չէ, որ Հայաստանից ներկայացուցիչ լինի, քանի որ առանց մեր ներկայացուցչի, Պուտինը միանձնյա էլ կարող է որոշումներ կայացնել Հայաստանի վերաբերյալ և ուղղակի հանձնարարականներ հնչեցնել»:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում, խոսելով Մինսկում տեղի ունեցող Եվրասիական տնտեսական համաժողովի մասին, նման տեսակետ հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:
– Առայժմ տեսնում ենք, որ Հայաստանին Մաքսային միությանն ինտեգրելու առումով այդքան էլ մեծ չէ ոգևորությունը և շահագրգռվածությունը: Այսինքն, առայժմ կարևորը Ուկրաինան է և Ուկրաինայի հարցը պետք է լուծվի, ապա նոր անցում կատարվի այլ խնդիրների, որոշվի արդյոք իմաստ ունի՞ Հայաստանին ներգրավել, թե չէ, որովհետև Հայաստանն այժմ Ռուսաստանի իշխանության տակ է գտնվում, իսկ Մաքսային և Եվրասիական միությունները դրանք ընդամենը Ռուսաստանի գերիշխանության հաստատման միջոցներ են: Իսկ Հայաստանն արդեն ենթարկված է, էլ իմաստ գուցեև չլինի այդ ծրագրում ներգրավելու համար, իզուր գլխացավանք կարող է լինել: Այս ամենն էական չէ, որովհետև Հայաստանի վերաբերյալ որոշումն արդեն կայացված է: Հիմնական Ուկրաինայի հետ են կապված, այսինքն համատեղ դիրքորոշման մշակում կլինի նախագահների հետ, թե ինչ անեն, ինչպես արձագանքեն ուկրաինական դեպքերին: Պուտինը Ուկրաինայում միանձնյա կատարեց գործողություններ, իսկ հիմա գտնում է, որ իր գործողությունների հետևանքները՝ պատժամիջոցները համատեղ կիսեն Բելառուսն ու Ղազախստանը:
– Ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրասիական միությունը՝ թե տնտեսապես, թե քաղաքական առումներով Հայաստանին ի՞նչ վտանգների առաջ կարող է այն կանգնեցնել կամ առհասարակ կա՞ն նման վտանգներ:
– Դա մի ռեժիմ է, որը Հայաստանի տնտեսական մահն է: Քանզի այն Հայաստանին տանում է դեպի տնտեսական ու քաղաքական մեկուսացման, այստեղ ոչ թե վտանգների մասին է խոսքը, այլ մեռցնելու: Այս դեպքում նույնիսկ իշխանության ներկայացուցիչները որևէ փաստարկ տնտեսական տեսակետից շահավետության առումով չեն ներկայացնում:
Հարևան Վրաստանն ընտրել է եվրոպական տնտեսական գոտուն միանալու ուղին, իսկ Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միության հետ: Այս հանգամանքը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի համար:
Իրապես Վրաստանում զարգացումները գնալու են եվրոպական չափորոշիչներով, ինտեգրվելու ուղղությամբ: Ասոցացման պայմանագիրը չստորագրելով՝ Հայաստանը զրկվում է առաջին հերթին զարգացման հնարավորությունից: Գտնվելով տարբեր համակարգային իրավիճակներում, բնականաբար, Հայաստանը հայտնվելու է մեկուսացման մեջ, որովհետև վրաց-հայկական սահմանը դառնալու է պայմանականորեն ասած՝ Եվրամիություն-Ռուսաստան սահման: Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը՝ մենք ոչ թե միասին ենք մեկուսանալու՝ Բելոռուս, Ռուսաստան, Ղազախստան համակարգի ներսում, այլ մենք մեկուսացվելու ենք առանձին և համարյա Կալինինգրադի մարզի կարգավիճակում ենք հայտնվելու և գուցե շատ ավելի վատ վիճակում՝ հաշվի առնելով մեր հարևաններին: Այսինքն, տնտեսական, քաղաքական, իրավական, ներքին և արտաքին հարցերի տեսակետից Հայաստանը դառնալու է անպիտան: Եվ միայն մեկ գործոն կա, որով Հայաստանը քիչ, թե շատ կարևորվելու է. դա Ղարաբաղի հարցն է: Այդ խնդրի առկայությունը հիմք է հանդիսանում, որ Հայաստանը դեռևս գոյություն ունենա՝ որպես քննարկման թեմա, այլապես մյուս թեմաներով որևէ արժեք Հայաստանն իրենից չի ներկայացնելու: Եվ փաստացի այժմ առկա բոլոր մարտահրավերներին միակ դիմագրավողը մնալու է ՀՀ քաղաքացին: Մի մասը այս դեպքում ընտրում է արտագաղթը, մյուս մասը՝ խորը աղքատությունը, իսկ մի շատ փոքր զանգված էլ՝ ուղղակի դիմագրավելը:
Սերժ Սարգսյանը հաճախ է խոսում նաեւ ԵՄ-ի հետ իրավական նոր հիմքեր ստեղծելու մասին…
Դա Սերժ Սարգսյանի հայտարարությունն է, թե որքանո՞վ է Եվրամիությունը լուրջ մոտենում՝ մանավանդ, որ դա հնչեցնում է մի մարդ, որը հրաժարվել է այն զարգացման հնարավորությունից, որ առաջարկել է նույն այդ ԵՄ-ն: Այսինքն ստացվում է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվում է ընդունել զարգացման հնարավորությունը, սակայն առաջարկում է՝ թե ամեն դեպքում եկեք մի բան ստորագրենք: Դա անտրամաբանական է: Ամեն դեպքում կարծում եմ, որ Եվրամիությունը կարող է մի պատուհան բաց թողնել, որպեսզի Հայաստանը կարողանա իր դեմքը փրկել և դուրս գալ այն ծուղակից, որի մեջ Հայաստանին Սերժ Սարգսյանն է իր որոշումով հանդերձ մտցրել:
Աղբյուրը` galatv.am