ՀՀ դատական իշխանությունները գտնում են, որ Ս. Սարգսյանի գործողությունները վիճարկման ենթական չեն
13:22, June 2, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | ԵՄ, ԵՏՄՄայիսի 29-ին Աստանայում կայացավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր ժողովը, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը:
Հիմնադիր ժողովի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարեց, որ մինչև հունիսի 15-ը Հայաստանը պատրաստ է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Սերժ Սարգսյանը անարձագանք թողեց նաև Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևի հայտարարությունը, այդպիսով հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Դեռ հայտնի չէ, թե Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանի Հանրապետությունն էլ ինչ խնդիրների առաջ կկանգնի:
Հայաստանի գլխին Ս. Սարգսյանի պատճառով ծառացած խնդիրները, սակայն ոչ մի կերպ չեն հուզում ՀՀ-ի դատական ատյաններին: Օրերս ՀՀ վճռաբեկ դատարանը «Հանուն Հայաստանի Հանրապետության» կայացրել է որոշում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին:
Հիշեցնենք, որ 2013 թ. սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան բողոք ներկայացրեց պահանջով Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ:
Այսպիսով, ՀՀ դատական իշխանությունները գտնում են, որ Սերժ Սարգսյանի որոշումներն ու գործողությունները ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են ու բողոքարկման ենթական չեն: