Ղարաբաղը կարող է չեզոքացնել Հայաստանի դեմ վտանգները
13:37, June 2, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ զրուցել ենք Աստանայում Եվրասիական Միության վեհաժողովից:
Աստանայում Նազարբաևը հայտարարեց, որ Հայաստանը կարող է անդամակցել Եվրասիական միությանն առանց Ղարաբաղի: Տեղի ունեցածը որքանո՞վ էր անակնկալ: Փաստացի 15 օր ժամանակ տրվեց Հայաստանին Ղարաբաղը չկորցնելու համա՞ր:
Մինչև չհասկանանք այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում իր ամբողջ խորությամբ և տարբեր կողմերով, մենք չենք կարող իրական գնահատենք, թե ինչի հետ գործ ունենք: Փաստորեն երեք երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, ստորագրեցին մի միջպետական համաձայնագիր, որով նոր միության հիմք դրեցին: Բազմակողմ տարբեր միջպետական պայմանագրերը սովորական երևույթ են միջազգային ասպարեզում, բայց Աստանայում կնքված համաձայնագիրն իր բովանդակությամբ և իր նշանակությամբ ունի մի քանի առանձնահատկություն. առաջին`այդ համաձայնագիրը պետք է կնքվեր հետխորհրդային երկրներից մեկում և հետխորհրդային երկու երկրների կողմից, որոնք այսօր հայտնի են որպես ավտորիտար պետություններ: Այսինքն`Խորհրդային Միության փլուզումից հետո այս ամբողջ ժամանակահատվածում և Բելառուսը, և Ղազախստանը ավտորիտար պետություններ էին, և ՌԴ-ն պուտինյան ժամանակաշրջանում միանշանակ ավտորիտար պետություն է և իր ամբողջ քաղաքականությամբ ավտորիտար պետության օրինակ է: Հետաքրքիրն այն է, որ համաձայնագիրը կնքվեց Ռուսաստանի ու Բելառուսի կողմից, ովքեր 91-ի դեկտեմբերի ութին Բելովեժսկում կնքել են Խորհրդային Միության լուծարման համաձայնագիրը: Այսինքն՝ կնքվեց նոր համաձայնագիր, որը կոչվում է Եվրասիական Միություն, որն, ըստ էության, գալիս է սրբագրելու նախկին Խորհրդային Միության լուծարման համաձայնագիրը, այսինքն`վերականգնում են այն, ինչը ժամանակին լուծարեցին:
Երկրորդ` շատ կարճ ժամկետում դրան հաջորդեց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի այն հայտարարությունը, որ եթե Վրաստանը ստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ապա խնդիրներ կունենա, այսինքն` շարունակվում է Կրեմլի կողմից՝ հանձին Եվրասիական Միության, ռուսական հողերի (Պուտինը բազմիցս արտահայտվել է այն մասին, որ ԽՄ-ն և Ռուսաստանը նույն հասկացողություններ են) նկրտումները նաև Վրաստանի նկատմամբ: Այս կոնտեքստի մեջ է տեղավորվում նաև Մոսկվայի՝ Հայաստանին ու Ադրբեջանին զինելու քաղաքականությունը, որի նպատակը երկու կողմերին սպառազինության միջոցով կախվածության մեջ գցելն է, լարվածությունը մեծացնելու և երկուսին իր ազդեցության շրջանակում պահելու միտումը: Եվ վերջին հաշվով, նաև դարձնելու Եվրասիական միության հաջորդ անդամները: Չնայած Հայաստանի համար շատ հստակ ասվեց, որ շատ կարճ ժամկետում այդ հարցը կլուծվի: Այսինքն՝ մենք Աստանայի համաձայնագիրը պետք է որակենք որպես նախկին խորհրդային տարածքներում ռուսական կայսրության վերականգնման ուղղությամբ իրականացված միջազգային քայլ: Այս առումով, Սերժ Սարգսյանի պահվածքն արդեն իսկ վկայում է, որ Հայաստանը, ցավոք սրտի, հանձին այսօրվա քաղաքական ղեկավարության, ոչ մի ինքնուրույն քայլ կատարելու, որոշումների մեջ մասնակցելու հնարավորություն ու իրավունք չունի: Տեսեք, Նազարբաևի կողմից Ալիևի նամակի հրապարակումը ոչ թե Նազարբաևի նախաձեռնությունն էր, այլ հենց Պուտինի վարած քաղաքականության տրամաբանության շրջանակներում կատարված քայլ, որովհետև առանց Պուտինի համաձայնության Նազարբաևը ոչ մի քայլ չէր կատարի:
Այսինքն ամեն ինչ նախապես համաձայնեցվա՞ծ էր:
Այո իհարկե: Ես համարում եմ, որ Բելառուսն ու Ղազախստանն արդեն ապագա ռուսական կայսրության մի մասն են, որն այդ համաձայնագրով արդեն ընդունել են: Բայց նրանք այդ ապագա կայսրության հիմնադիրներն են, իսկ Սերժ Սարգսյանն իր անողնաշար քաղաքականության հետևանքով դառնում է այդ գործընթացի ոչ թե իրական մասնակիցը, այլ կցորդը: Ու այդ կցորդին օգտագոծում են նաև Ադրբեջանին ենթարկեցնելու նպատակով: Ճնշում գործադրելով Հայաստանի վրա, որ պետք է այդ միությանն անդամագրվի առանց Ղարաբաղի, Ղարաբաղն օգտագործվում է որպես գայթակղիչ միջոց, որով Ադրբեջանին նույնպես ուզում են Եվրասիական միության կողմը գրավել: Այս ամբողջ մեխանիզմն այնպես է մշակված Նազարբաևի և Լուկաշենկոյի կողմից, որ այս պարագայում Հայաստանի կարգավիճակն ուղղակի դառնում է ՌԴ Կալինինգրադի մարզի կարգավիճակ, որի մասին ժամանակին նույն Պուտինի խորհրդականն է իբր շփոթված հայտարարել: Դե ֆակտո Հայաստանին, հանձին իր ղեկավարի, վերաբերում են իբրև Կանլինինգադրի մարզի: Վրաստանի հանդեպ ճնշումը հաստատում է այն միտումը, որ Կրեմլը Հարավային Կովկասի նկատմամբ ունի նույն վերաբերմունքը: Այսինքն՝ չբավարարվելով Հայաստանով և Ադրբեջանով՝ պետք է փորձի այնպես անել, որ Վրաստանը որպես Եվրոմիության ուղղությամբ շարժվող պետություն, օգտվելով նրա անկլավային վիճակից, նաև նրա նկատմամբ ճնշում գործադրի:
Սեպտեմբերի երեքից հետո դեմ հանդիման գործ ունենք ոչ միայն Կրելմի, այլ նաև նրա ձևավորած համակարգի հետ՝ հանձինս այդ երեք երկրների, և դրան զուգահեռ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելը: Արդյունքում Հայաստանը իր արտաքին քաղաքական բնագավառում, բացարձակապես հրաժարվելով իր ինքնուրույնությունից և զիջելով այդ քաղաքականության իրականացման իրավունքը Կրեմլին, զրկվում է իր շահերը ներկայացնելու հնարավորությունից: Այսինքն՝ ՀՀ վրա այսպիսի սպառնալիք իր ծավալներով մենք մինչև հիմա չենք ունեցել:
Այս 15 օրերի ընթացքում ի՞նչ տարբերակներ կան Հայաստանի համար:
Զուտ իրատեսական մոտեցմամբ՝ դեռևս ակնկալում եմ, որ Հայաստանի այսպես կոչված քաղաքական ուժերը անհրաժեշտաբար պետք է իրենց դիրքորոշումն արտահայտեն, քանի որ սա այն սահմանն է, երբ որևէ մանևրելու հնարավորություն կամ ժամանակի վրա հույս դնել, որ ինչ-որ մի բան կփոխվի, և ջրից չոր կարելի է դուրս գալ, այլևս չկա: Ես, այնուամենայնիվ, գտնում եմ, որ ինչ-որ դիրքորոշում պետք է արտահայտեն: Մյուս կողմից, սեպտեմբերի երեքից հետո ԱԺ-ում հիմնական ուժերի պահվածքից կարող ենք եզրակացնել, որ ցավոք սրտի, այդ դիրքորոշումները հազիվ թե որևէ էական ազդեցություն ունենան, քանի որ այդ դիրքորոշումներն ավելի շատ կլինեն անողնաշար, հեղեհեղուկ, դեկլարատիվ և ոչինչ չասող: Եվ այս իրավիճակում միակ հույսը մնում է հանրային սեկտորը:
Բայց հանրային սեկտորն էլ կոնկրետ դիրքորոշում այս հարցի շուրջ չունի:
Հանրային սեկտորը նույնպես բազմազան է, քանի որ հանրային սեկտորի մի մասը հանդիսանում է այս քաղաքական դաշտի շարունակությունը հասարակության մեջ՝ հանձին իմ նշած քաղաքական ուժերի: Ես պետք է վկայակոչեմ Եվրոպական ուղղություն նախաձեռնության մասին, որը սկզբնավորման փուլում է, և նախնական տարբերակն է այն հնարավոր միավորման, որը հայտ է ներկայացրել եվրոպական ուղղությունը որպես անվտանգության երաշխիք ներկայացնելու և Եվրասիական միության անդամագրման պրոցեսը կասենելու նպատակով: Ես կարծում եմ՝ այս ընթացքում Ղարաբաղում տեղի կունենան հստակ խմորումներ: Կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Ղարաբաղը դառնա Հայաստանի անկախությանը սպառնացող վտանգները կանխարգելող ռեսուրս, այսինքն՝ թվում էր Հայաստանը պետք է իր ղեկավարության քաղաքականության արդյունքում հանդես գար ԼՂՀ անկախության երաշխավոր, բայց կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Ղարաբաղը հանդես գա որպես Հայաստանի Հանրապետության անկախությանը սպառնացող մարտահրավերները չեզոքացնող ռեսուրս:
Սա շատ իրատեսական է իրերի ներկայիս դասավորության պարագայում, քանի որ եթե Հայաստանը կորցնում է իր անկախությունը, տնտեսական եւ քաղաքական խնդիրները որոշելու իրավունքը, ապա այստեղ Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության խնդիրն է առաջ գալիս: Զարմանալին այն է, որ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան խումբը, վտանգելով Հայաստանի անվտանգությունը, հանգեցրեց այլ վտանգների առաջացմանը, որն ուղղակի կապված է Ղարաբաղի հետ, և Ղարբաղը առաջին անգամ իր վրա զգում է անհեռատես քաղաքականության ուղղակի հետևանքները: Հետևաբար, Ղարաբաղը կարող է հանդես գալ որպես վտանգավոր զարգացումների կասեցման նախաձեռնողը: Եվ այս տեսակետից, կարող է հերթական անգամ 88-ը նորովի վերսկսվի, և հենց այդ նորօրյա շարժումը կարող է հանդիսանալ պուտինյան կայսերապաշտական քաղաքականությունը կասեցնող կարևոր գործոններից մեկը: