Խնդիրը՝ ՌԴ-ի կողմից ԼՂ–ի միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելն է. Արթուր Սաքունցը՝ Ալիևի նամակի մասին
13:40, June 2, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄ, ԵՏՄՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չի կարծում, որ Հայաստանը պետք է Եվրասիական տնտեսական միություն անդամագրվելու համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչի, ինչպես Ռուսաստանը արեց Ղրիմի դեպքում։
«Լեռնային Ղարաբաղի անկախություն ճանաչելու խոսք չկա, խնդիրը ՌԴ-ի կողմից Ղարաբաղի միջոցով ճնշում գործադրելն է՝ Հայաստանին նսեմացնելու և բարոյապես ոչնչացնելու համար, սա էր իմաստը»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց Սաքունցը՝ անդրադառնալով փաստին, որ Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման նպատակով հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարդաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որում ասվում էր, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է անդամակցել միայն առանց Լեռնային Ղարաբաղի։
Արթուր Սաքունցը վստահ է, որ այդ նամակն Ալիևը ուղղել էր ոչ թե Նազարբաևին, այլ՝ Պուտինին։ «Նազարբաևը թաքուն չհանեց ու անակնակալ մատուցեց, այդ նամակը չէր կարող անակնկալ կարդալ, այնպես որ դա Պուտինի իմացությամբ էր, դա միջոց էր ճնշում գործադրելու Հայաստանի վրա, ինչո՞ւ Նազարբաևի անունից, որովհետև եթե Պուտինի կողմից լիներ՝ տարօրինակ կլիներ, քանի որ ՌԴ-ն Մինսկի խմբի անդամ է և նա դրանով կունենար կանխակալ վերաբերմունք»,-նշեց նա։
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է ՀՀ-ն ԼՂՀ-ի անկախությունը ճանաչի՝ Սաքունցը նշեց, թե ամենամեծ հիմարությունը կլինի, քանի որ բազմիցս է նշվել, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որ կարող է քննարկել ր լուծել խնդիրները։
«Իսկ եթե Հայաստանը նման քայլ կատարի, կնշանակի ինքն իրեն դուրս է մղում այդ գործընթացից՝ լիովին Ադրբեջանին տալով լիազորությունները։ Մինսկի խումբը նաև խաղաղության երաշխիքն է, այդ ձևաչափը վերացնելու ցանկացած քայլ, որին մղում է ՌԴ-ն՝ Նազարբաևի բերանով՝ կհանգեցնի պատերազմական գործողություների սկսման»,-ասաց նա։