Խնջույք ժանտախտի ժամանակ. Հ. Աբրահամյանի եւ Գ. Սահակյանի նոր մեքենաները
00:08, August 9, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀովիկ Աբրահամյանի կառավարությունը հուլիսի վերջին նիստում որոշեց շուրջ 33 միլիոն դրամ հատկացնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ձեռք բերված «Տոյոտա Լենդ Քրուզեր» ամենագնացի դիմաց վճարում կատարելու համար: Հատկանշական է, որ Սահակյանի համար ձեռք բերվող մեքենայի գինը նախապես չի ներառվել ՀՀ պետական բյուջեով ձեռք բերվող մեքենաների համար հատկացվող գումարի մեջ, այլ դրա դիմաց հիմա նոր է կառավարությունը վճարում, այն էլ պահուստային ֆոնդից: Կառավարությունից հիմնավորել էին, որ 100 հազար դոլարից ավելի գումար է հատկացվել մեքենայի համար, որ Գալուստ Սահակյանը կարողանա ձմռանն անխափան երթեւեկել: ԱԺ-ից էլ շտապել էին հայտնել, որ մեքենան նախատեսված է նաեւ մարզային այցելությունների ու խորհրդարանի բարձրաստիճան հյուրերի համար:
Իսկ օրեր առաջ էլ «Ժամանակ» օրաթերթը գրեց, որ վարչապետ Հ. Աբրահամյանը գնել ու Հայաստան է տեղափոխել «Մերսեդես» մակնիշի զրահապատ մեքենա: Օրաթերթի հրապարակման համաձայն՝ այն մեր երկիր Աբրահամյանը հասցրել է ինքնաթիռով: Մեքենայի գինն էլ հասնում է 600 հազար ԱՄՆ դոլարի:
Պաշտոնական վիճակագրության համաձայն 38 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանում արդարացված է արդյո՞ք, որ երկրի երկրորդ եւ երրորդ դեմքերը իրենց նման շքեղություն են թույլ տալիս, եւ հնարավոր չէր այդ գումարները այլ ուղղությամբ՝ ավելի նպատակային ծախսել:
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, թե եթե անգամ Հայաստանը հարուստ երկիր լիներ, ինչպես օրինակ Նիդեռլանդները կամ Նորվեգիան, այնուամենայնիվ նման ծախսեր պետական պաշտոնյաները իրենց ծառայողական պարտականությունները կատարելու համար իրավունք չունեին թույլ տալու:
«Երբ որ ասում ենք մեր երկրի նման, պետք է ասենք ինչումն է կայանում այդ երկրի էությունը: Այդ երկրի էությունն առաջին հերթին ծայրահեղ աղքատության մեջ գտնվող անձանց մեծ թիվն է, մոտ 38 տոկոս՝ պաշտոնական տվյալներով: Երկրորդը՝ դե ֆակտո այնպիսի իրավիճակներում, ես նկատի ունեմ բաժանարար գծի երկայնքով, որը հենց հիմա է տեղի ունենում եւ պաշտպանության նպատակներով ծախսերի անհրաժեշտություն: Տարբեր գնահատականներով այդ գումարները, որոնք կարող էին բավարարել բավական մեծ տարածքով տեխնիկական միջոցներով հագեցնելուն եւ մարդկային զոհերը, որոնք կարող էին նվազեցնել, չի արվել, հետեւաբար որեւէ հիմնավորում չունի»,- ասաց Արթուր Սաքունցը: Նրա խոսքով՝ այս ամենը ունի մեկ տիպիկ բնութագրում. «Խնջույք ժանտախտի ժամանակ»:
Մյուս կողմից էլ, իրավապաշտպանի խոսքով, այս ամենը զարմանալի չէ: «Որովհետեւ իշխանության անպատասխանատվությունը իր քաղաքացիների հանդեպ այդ տրամաբանությունից է բխում, ինքը թքած ունի որ իր քաղաքացիները կամ իր երկիրը ինչ խնդիրներ ունի եւ հագուրդ է տալիս իր անձնական շահերին»,- ասաց իրավապաշտպանը: Ըստ Ա. Սաքունցի՝ սա ունի իր բացատրությունը, Հովիկ Աբրահամյանը ամբողջ կյանքում է երազել, որ լինի վարչապետ, իսկ Գալուստ Սահակյանի մտքով անգամ չի անցել, որ օրերից մի օր կհայտնվի ԱԺ նախագահի պաշտոնում: «Այսինքն այդ չտեսության եւ ոչ կիրթ լինելու հետեւանքն է, որ մարդիկ նման քայլեր են իրենց թույլ տալիս: Դա լիովին տեղավորվում է քրեաօլիգարխիկ համակարգի տրամաբանության շրջանակներում, որը բացարձակ պատասխանատվություն չունի հարկատուների եւ քաղաքացիների առջեւ»,- նշեց իրավապաշտպանը:
Նշենք, որ թանկարժեք մեքենայով Գալուստ Սահակյանը առայժմ մարզային ոչ մի այցելություն չի կատարել: Իսկ մարզեր, հատկապես սահմանամերձ շրջաններ Հովիկ Աբրահամյանն ուղեւորվում է ուղղաթիռով:
Աղբյուրը` galatv.am