Սահմանային լարվածության ֆոնին ի՞նչ նպատակ ունեին Հ. Աբրահամյանի ու Ս. Օհանյանի ակտիվացումները
23:08, August 12, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՎերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակի պայմաններում իրենց «ակտիվ» գործունեությամբ աչքի ընկան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Եթե Սեյրան Օհանյանի պարագայում սահմանին իրականացվող պաշտպանության հետ մեկտեղ այն զուգորդվեց նաև դիվանագիտական աշխատանքով (դեսպանների ընդունում ու վերջիններիս հետ համատեղ հայտարարությունների տարածում), ապա Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ պատվիրակություններ կազմեց ու ուղղաթիռով դիրքեր մեկնեց: Այդ ամենն այնքան ցայտուն ընդգծվեց, որ եղան նաև խոսակցություններ, թե այս երկու պաշտոնատար անձինք պարզապես իրականացնում են Սերժ Սարգսյանի աշխատանքը: Ավելի ուշ սակայն հատկապես սոցիալական ցանցերում տարածվեցին կարծիքներ, թե վերջիններս իրենց սեփական փիառով հետագայում նախագահ դառնալու իրենց հավակնություններով են ներկայանում հասարակության աչքում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այդ կարծիքներին, նշեց.
«Ով էլ լինի, այն բոլոր մարդիկ, որոնք գտնվում են Մարտի մեկի հանցագործության ցուցակում, դրանցից որևէ մեկը բարոյական իրավունք չի ունենալու որևէ հավակնություն ունենալ, իհարկե դրան նպաստում է այն, որ Մարտի մեկի հանցագործությունը մնում է չդատապարտված Հայաստանի դատարանում և արդարադատության քննության առարկա չի հանդիսացել, ցավոք սրտի, դեռևս, և այդ անպատժելիությունը ինքը նպաստում է հետագա նաև անպատասխանատվության և անպատժելիության խորացմանը: Եվ այդ պարագայում է հնարավոր լինում խոսել ու նման հարցադրումներ առաջադրել՝ կապված այն մարդկանց հետ, որոնք ընդգրկված են Մարտի մեկի ցուցակում»,- նշեց Արթուր Սաքունցը:
Ըստ նրա՝ մեկ այլ հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել, այն, որ որոշ կառույցների անգործությունը ճիշտ օգտագործվեց թե պաշտպանության նախարարի և թե կառավարության ղեկավարի կողմից, այնինչ, ըստ նրա, այդ ամենը չի կարող հետին պլան մղել այն խնդիրները, որոնք առկա են երկու համակարգերում էլ.
«Օրինակ զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրները՝ կոռուպցիան, պաշտոնական դիրքի չարաշահումները, մահացության դեպքերի ոչ պատշաճ քննությունները, մեղավորներին չբացահայտելը, սրանք մնում են օրակարգում:
Կ.Պետրոսյանի մահվան փաստը (ով սպանվեց Ադրբեջանի զինվորական ղեկավարի կողմից), փորձ է արվում ծածկել պատճառները, հանգամանքները, որոնց հետևանքով Կ.Պետրոսյանը հայտնվեց գերության մեջ, երբ որ այս խնդիրների պարագայում, այսպես կոչված, թվացյալ հաղթանակի իմիջ է ստեղծվում:
Եվ դրա հիման վրա փորձ է արվում առանձին հավակնություններ ներկայացնել առանձին անձերի միջոցով, դա ուղղակի ոչ միայն բարոյական տեսանկյունից է անթույլատրելի, այլ նաև մարդկանց նկատմամբ հարգանքի բացակայության մասին է խոսքը, որ իբր թե մարդիկ չեն հասկանում և ի վիճակի չեն խորանալու երևույթի մեջ»,- գտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը:
Եվ այդ ամենից բացի, ըստ Արթուր Սաքունցի, կան որոշ հարցեր, որոնց վրա պետք է այս ընթացքում ուշադրություն դարձնել: Օրինակ թե ինչ պատճառով սահմանին տիրող լարված իրավիճակի պայմաններում ԱԳՆ-ից հայտարարեցին, թե Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամագրումը անշրջելի է, օգոստոսի 8-ի հանդիպումներից առաջ ՌԴ կառավարության օրակարգում հայտնվում է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցը, ու այդ ամենի ֆոնին այլ հարցեր են օրակարգ բերվում.
«Ու ամբողջ հանրության ուշադրությունը փորձում են թեքել դեպի Հովիկ Աբրահամյան կամ Սեյրան Օհանյան, վատ է: Կամ ինչպես է լինում, որ այդ ժամանակ որոշում են միջոցներ հատկացնել զրահապատ հատուկ մեքենաների գնման համար, կամ կարենավագյանները, շարմազանովները, հայոցարծիվները բերանները ջուր առած սկսեցին լռել, բայց դրա փոխարեն կեղծ օրակարգ են առաջ բերում, դրանով փորձում են հերթական անգամ մանիպուլյացիայի՞ ենթարկել, չի լինելու: Պետք է ցույց տանք այդ ամբողջ մոտեցման սնանկությունը, և այդ մոտեցումը ներկայացողների բովանդակային սնանկությունը, գայթակղիչ է, հա՞, առաջ մղել նման անուններ, չէ, մենք ունենք օրակարգում մի ամբողջ հարցեր, և հատվածային մոտեցումը փոխարինել այդ ամբողջ համակարգային աղտին, դա չի անցնի, դա մանիպուլյացիա է: Կարծում եմ հանրությունը բավականին գիտակից է հասկանալու այդ ամեն ինչը, թեման շարունակվելու է, կեղծ օրակարգեր և իրական օրակարգեր»,-ասաց Ա. Սաքունցը:
Աղբյուրը` galatv.am