Հաղորդագրություն ՀՀ Շիրակի մարզի դատախազ Արմեն Շիրոյանին
12:13, September 15, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, Խտրականության արգելում | Քրեակատարողական հիմնարկներՄարդիկ հավասար են անկախ ամեն ինչից, նրանք ունեն միանման իրավունքներ ու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներից օգտվելու իրավունք:
Հավասար իրավունքների մասին այս սկզբունքը, կարծես մոռացվել կամ չի էլ եղել Հայաստանի արդարադատության համակարգում: Այստեղ անձը դատապարտվելով ազատազրկման, անկախ այն հանգամանքից մեղավոր է, թե՝ ոչ, զրկվում է բոլոր իրավունքներից կամ իրավունքների մեծամասնությունից, կարծես նրա մասին մոռանում են, դրա հետ միասին մոռանալով նրա խնդիրների մասին:
Իր խնդիրը լսելի դարձնելու համար, պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելու նպատակով «Վանաձոր» քրեակատարոաղական հիմնարկի դատապարտյալ Տիգրան Մելիքյանը արդեն 10 օր գտնվում է հացադուլի մեջ: Տիգրան Մելիքյանը սկսելով հացադուլ հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել դատարանում իր մեղադրանքը պաշտպանող դատախազ, ներկայումս ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազ Ա. Շիրոյանին և այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի դատախազություն:
2014 թ. սեպտեմբերի 11-ին Տիգրան Մելիքյանն ահազանգել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, քանի որ արդեն 7 օր նրա հացադուլին և դիմումին ոչ ոք չի արձագանքել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները փորձել են կապ հաստատել դատախազ Ա. Շիրոյանի հետ, տեղեկացնելու կամ տեղեկանալու արդյոք նա տեղյակ է Տիգրան Մելիքյանի դիմումի մասին:
Սեպտեմբերի 11-ի ընթացքում դատախազության հերթապահ մասից հայտնել են, որ նա զբաղված է և չի կարող պատասխանել հեռախոսազանգին, հաջորդ օրը պատասխանելով իրավաբանի զանգին հայտնել են, որ դատախազը կարգադրել է, որ հեռախոսազանգերին չի ցանկանում պատասխանել: Իսկ իրավաբանի այն հարցին, թե դատախազը կարգադրությունը տվել է միայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հեռախոսազանգերի վերաբերյալ, թե առհասարակ, հերթապահ մասից խուսափել են պատասխանել:
Այսպիսով, դատախազ Ա. Շիրոյանն աշխատանքային ժամին հրաժարվել է պատասխանել ՀՀ քաղաքացու կյանքի և մահվան խնդրին վերաբերվող հարցով հեռախոսազանգին:
Միթե այսպիսի աշխատանք կատարող դատախազներին է վստահվում ՀՀ քաղաքացիների արդարադատությունն ու անվտանգությունը:
Դատախազության նամակների բաժնում այնպիսի «օրինապահ» մասնագետներ են աշխատում, որ նույնիսկ դիմումը ստանալու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար գրավոր հարցում են պահանջում:
Մինչ դատախազությունում խուսափում են խնդիրներից ու իրենց պարտականությունների կատարումից, Տիգրան Մելիքյանի առողջական վիճակն օր օրի վատթարանում է: Նրա հայրն արդեն մեկ անգամ քաղաքացիական հիվանդանոցից բժիշկ է հրավիրել՝ զննելու որդուն:
Բժիշկը հայտնել է, որ Տ. Մելիքյանի առողջական վիճակն անհամատեղելի է հացադուլի հետ:
Այսպիսով, ՀՀ քաղաքացին 10 օր է հացադուլի մեջ է, սակայն պատկան մարմիններից ոչ մեկը նրա խնդրի վրա ուշադրություն չի դարձնում:
Պարոն Շիրոյան և Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնող այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հույս ենք հայտնում, որ կկարդաք այս հոդվածն ու որևէ կերպ կարձագանքեք Տիգրան Մելիքյանի դիմումին: