Մշտադիտարկում՝ ՀՀ զինվորական հոսպիտալներում
11:35, October 6, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԿարեւորելով զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը եւ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ձեւավորումն ու զարգացումը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014 թ-ին նախաձեռնեց մշտադիտարկման անցկացում ՀՀ զինվորական հոսպիտալներում:
Այդ նպատակով աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի եւ նախարարության աշխատակիցների հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվեցին մշտադիտարկաման նպատակները եւ խնդիրները, ինչպես նաեւ մշտադիտարկման ծրագրի աշխատանքային պլանը:
Այնուհետեւ մշակվեցին մշտադիտարկան գործիքները, որոնք հերթական աշխատանքային հանդիպման ժամանակ հաստատվեցին պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից: Որոշում կայացվեց իրականացնել մշտադիտարկումները Վանաձորի, Սիսիանի եւ Երեւանի կայազորային հոսպիտալներում:
Մշտադիտարկումներն անց են կացվել 2014 թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին՝ ՀՀ պաշտպանության նախարարության թույլտվությամբ:
Հարցազրույցներ են անցկացվել վերոնշյալ հոսպիտալների բուժանձնակազմի, վարչական և սպասարկող անձնակազմի, ինչպես նաեւ հոսպիտալներում տվյալ պահին բուժում ստացող կամ հետազոտվող զինծառայողների հետ:
Ըստ էության, առաջին անգամն է, որ ՀՀ զինվորական հոսպիտալներում նման համալիր ուսումնասիրություն է կատարվում, որն ուղղված է հոսպիտալներում առկա խնդիրների, բժշկական ծառայության եւ դրա ապահովման որակի, կադրային եւ նյութական ռեսուրսների ապահովվածության վիճակի, բուժանձնակազմի պատրաստվածության, կոռուպցիոն ռիսկերի առկայության, սանիտարահիգիենիկ պայմանների վիճակի բացահայտմանը եւ այդ խնդիրների լուծմանը:
Մոնիթորինգի արդյունքներն առաջիկայում կամփոփվեն զեկույցում, որում ներկայացված առաջարկությունները միտված կլինեն հոսպիտալների եւ պաշտպանության բնագավառի բարեփոխումների խթանմանը, զինծառայողների իրավունքների ոտնահարման եւ խախտումների կանխարգելմանն ու պաշտպանությանը:
Ծրագիրն իրականացվում է Սիգրիդ Րոզինգ Թրասթ (SRT) կազմակերպության կողմից ֆինանսավորվող <<ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ընդհանուր աջակցություն >> ծրագրի շրջանակներում: