«Այս երկրում դատավորները Սերժի կաբլուկի տակ են, Հայաստանն ուղղակի անդունդի եզրին է». մահացած զինվորի հայր
12:46, October 6, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից մահացած Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ, զինծառայող Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, որդու մահվան գործով ընթացող դատական պրոցեսը խեղկատակություն է համարում:
Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել է դատարան հրավիրել և հարցաքննել փորձագիտական եզրակացության հանձնաժողովում ընդգրկված մի քանի փորձագետների, քանի որ եզրակացությունը պարունակում է որոշակի բացեր, Մովսես Խաչատրյանը համարում է գործի քննության անհարկի ձգձգում, ու դա բացատրում հետեւյալ կերպ.
«Էս երկրում, գիտեք, դատավորները պրեզիդենտի կաբլուկի տակ են, մանավանդ զինվորականների հարցերով, եղավ 2 ու կես տարի դատական նիստն անտեղի ձգձգում են, օրեր են մեռցնում, մարդկանց էմոցիաների, վշտի վրա են խաղում, ոչ նիստ են անում, ոչ վճիռ են կայացնում, ոչ էլ խնդիր են լուծում: Ի վերջո հանցագործներն անպատիժ են մնալու, ընդհուպ կարող է արդարացնեն, ես չեմ կասկածում, որովհետեւ էսպիսի սերժական երկիր, որ անդունդի եզրին է հասել, էլ ոչ մի տեղ չկա»,- նշեց մահացած Հայկ Խաչատրյանի հայրը:
Ըստ նրա՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու նիստը նախագահող դատավորը փորձաքննություններ է նշանակել, դատարանում հարցաքննությունների են կանչվել դեռեւս նախաքննության ընթացքում հարցաքննված բժիշկ-վկաները:
Այս գործողություններով, ըստ Մովսես Խաչատրյանի, փորձ է արվում գործը վերջնական փակել. «Ում որ նախաքննական մարմինը հարցաքննել էր, նորից բերեց դատարան հարցաքննեց, որպեսզի վաղը, որ վճիռ կայացնի անօրինական, ոչ արդարացի, որ դրանք պատիժ չկրեն, ինքը հիմնավորի, որ այդ տականք բժիշկները մեղավոր չեն: Այսինքն շատ մարդկանց է ներգրավում, մեկը կա, որ հրաժարվել ու այդ նյութերի տակ ստորագրություն չի դրել, իր խղճին դեմ չի գնացել, մի մարդկային մարդ գտնվել է»,- նշեց մեր զրուցակիցը:
Մովսես Խաչատրյանը շարունակում է պնդել, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն ու պատիժ կրեն երկու պաշտոնատար անձինք, ում նա համարում է իր որդու մահվան հիմնական մեղավոր. «Հոսպիտալի պետն է. առաջին մաս է դրված 0-2 տարի, ծիծաղելի է, մյուսն էլ նյարդաբանական բաժանմունքի վարիչն է. իր վրա երկրորդ մաս էր դրված, փոխեցին առաջին մաս, հիմա էլ ուզում են ընդհանրապես արդարացնեն: Դատավորն էլ հաստացնում է իր ձեռքի տակ եղած քրեական գործը, որ իր կայացրած որոշումն արդարացնի, որ մարդ մեղավոր չէ, բնական մահով մահացավ գնաց, ես իրա վճիռն եմ կարդում էլի, որ շուտով նման որոշում կհրապարակի»,- նշեց նա՝ ավելացնելով. «Սերժի վրեն մարդ չի կարող, իր հանցավոր վարչախմբի դեմ, էս են սրանք: Հիմա նայեք արդեն շուտով վճիռ կկայացնի, թե էսպես եղավ, անօրեն երկիր է, սրտիս մեջ ամեն բան ալեկոծվում է, բայց ինչ անեմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը: