Սուրիկ Խաչատրյանի եւ Շանթ Հարությունյանի որդիների տարբերությունը
13:34, October 6, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, ՔաղբանտարկյալներՄեկին ազատ են արձակում՝ անգամ չհետաքննելով թմրամիջոց օգտագործելու հարցը, մյուսին՝ անչափահասին, հինգ տարվա ազատազրկման դատապարտում:
Շանթ Հարությունյանի որդուն՝ անչափահաս Շահեն Հարությունյանին, 5 տարվա ազատազրկման դատապարտելու՝ մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի միջնորդությունը բազմաթիվ քննադատությունների առարկա դարձավ:
Դա առավել քննադատական է հատկապես այն ֆոնին, որ ՊՆ քննչական ծառայության որոշմամբ՝ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին, ազատ արձակեցին՝ պատճառաբանելով, որ «2013-ի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված եւ արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի եւ օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման եւ ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով՝ հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են»:
Հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ ձերբակալվելուց հետո Սուրիկ Խաչատրյանի որդուն հաջողվել է թմրամիջոցներ օգտագործել: Այս ամենի հանրագումարում հարց է առաջանում՝ ի՞նչ է, Սուրիկ Խաչատրյանի որդին որդի՞ է, որին կարելի է ազատ արձակել, իսկ Շանթ Հարությունյանի որդին որդի չէ՞, որին կարելի է ազատազրկման դատապարտել հինգ տարով: «Առավոտի» զրույցը մի շարք գործիչների հետ այս համեմատության շուրջ ծավալվեց:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վրդովվեց, թե անգամ քննություն չիրականացվեց Սուրիկ Խաչատրյանի որդու՝ թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ, ու հիշատակեց նաեւ Վերնիսաժի գործը եւ այլ դեպքեր, երբ այդպես էլ մեղավորները չեն պատժվել:
Այնուհետեւ հավելեց. «Սա ուղղակի մոտեցում է, որ օրենքը ամբողջ խստությամբ կիրառվում է անհամաձայնություն հայտնողների, ոչ յուրայինների նկատմամբ եւ չի կիրառվում ընդհանրապես յուրայինների նկատմամբ: Սա անպատժելիության համակարգի ծնունդ է: Ուստի խոսել բարոյական արժեքների ու սկզբունքների տեսակետից, հասկանալ որոշումների շարժառիթները՝ անիմաստ է, քանի որ նրանք կորցրել են իրենց բարոյական կերպարը»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համար, «մեղմ ասած, կասկածելի է այն, որ Սուրիկ Խաչատրյանի որդին է կրակել ու սպանել Բուդաղյանին եւ մյուսին վիրավորել»:
Անդրադառնալով պաշտոնական վարկածին՝ պարոն Իշխանյանն ասաց. «Այն է, թե երբ մարզպետի տան վրա հարձակում է լինում, ոչ թե ոստիկան են կանչում, այլ նրա տղան վերցնում է հոր զենքը, կրակում ու սպանում, այսինքն՝ կրակելուն սովոր որդիները մինչեւ այդ էլ բազմաթիվ քաջագործություններով էին հայտնի, նրանք ազատ են, արդարացված, ինքնապաշտպանություն են արել իրենց ամրոցի նկատմամբ, իսկ Շանթի որդին, երբ տեսել է, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում հոր նկատմամբ, եւ երբ նայում ես կադրերը ու հասկանում, թե ուղղակի անօգնականությունից չգիտի ինչ անել ու ինչ-որ փոքր քայլ է անում, ոստիկանին հարվածում է, թե ինչ, հանկարծ դա համարվում է հանցագործություն, եւ հինգ տարի են պահանջում դրա համար: Ես ամաչում եմ նման երկրում ապրելու համար, այսպիսի արդարադատություն ունենալու համար»:
Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը հեգնանքով ու վրդովմունքով խոսելով Սուրիկ Խաչատրյանի որդու եւ մյուսների մասին՝ ասաց. «Նրանք դեռ չեն հասել կատարելության. դեռ պիտի դանակահարեն հղի կնոջը, սպանեն անմեղին, քաղաք թալանեն, դրանից հետո կնշանակվեն դիվանագետ, դեսպան, ոստիկանապետ: Շահեն Հարությունյանը ՀՀ երրորդ հանրապետությունում տեղ չունի: Դա Լիսկայի եւ նրա որդու, դա գանգստերների, օլիգարխների եւ նրանց որդիների տեղն է, եւ մենք պետք է սպասենք, որ նրանք հասունանան»:
Աղբյուրը՝ www.aravot.am