«Եթե AKC-74-ը խլացուցիչ չունենար՝ Գյումրվա կեսը կլսեր». Ավետիսյանների հարազատները չեն հավատում փորձաքննության եզրակացությանը
18:24, April 17, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ երեկ ստացվել էր նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը։ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փորձաքննությամբ հերքվել է դեպքի վայրում հայտնաբերված AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացված լինելու հնարավոր վարկածը: Փորձաքնությունների արդյունքի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ավետիսյանների հարազատների հետ:
«Եթե առանց խլացուցիչ լիներ, կրակոցները ոչ թե մի հոգի կլսեր, այլ բոլորս: Երեխա չենք, տարիքն առած մարդիկ ենք, 28 պատրոն ավտոմատով կրակեն՝ Գյումրվա կեսը կլսի, ուր մնաց՝ հարևանները չլսեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Ավետիսյանի քրոջ՝ Ջուլիետա Ջալալյանի ամուսինը՝ Հրանտ Ջալալյանը:
Նա նաև շեշտեց, որ գործում դեռ առաջընթաց չեն տեսնում. «Բռնել են հարիֆին ՝ Պերմյակովին, ու վերջ: Մենակ դրանով են զբաղվում, էդ էլ հարց է՝ զբաղվում են թե չէ»,- ասաց Հ.Ջալալյանը:
Ըստ նրա՝ գործում հուսադրող ոչինչ դեռ չկա, ուստի կարելի է ենթադրել, որ գործը քննողները պարապ են: Նա, անդրադառնալով գյումրեցի ակտիվիստների՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային շախմատ նվիրելուն, ասաց, որ ճիշտ քայլ են արել: «Հա դե, որ իրենք պարապ են, թող պարապ մնալու տեղը շախմատ խաղան: Մարդիկ պարապ են, գործի ոչ մի արդյունք չենք տեսել»,- ասաց նա:
Հրանտ Ջալալյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ հայաստանյան արդարադատությունից արդեն որևէ ակնկալիք չունեն, իսկ ռուսական կողմն էլ առաջ է քաշում իրեն ձեռնտու վարկածները:
Ավետիսյանների գործում ներգարվված իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բազմաթիվ հարցեր կան ոչ միայն խլացուցիչի հետ կապված, այլև առհասարակ գործում: «Պետք է ուսումնասիրվի ոչ միայն խլացուցիչի հետ կապված փորձաքնությունը, այլ նաև մյուսները: Փորձաքննություններ կան, որ դեռ չեն արվել: Պետք է ամբողջությամբ ուսումնասիրվեն, այնուհետև համադրելով փաստերը՝ ներկայացվի մեկնաբանություն»,- ասաց նա:
Աղբյուրը՝ www.1in.am