«Քանի դեռ արդարադատությունն ունի պատժիչ բնույթ, դատավորներն անկախ չեն, մենք ունենալու ենք գերբեռնվածություն». Արթուր Սաքունց
17:14, May 2, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Հիմնադիր ԽորհրդարանԱրդեն շուրջ մեկ ամիս է ՀՀ հասարակության ու մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՔԿՀ-ների գերբեռնվածության խնդիրը: Մշտապես առկա այս պրոբլեմը նման արձագանք ստացավ հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի կալանավորումից հետո, երբ նրա փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը պահվում է մի խցում, որտեղ 27 հոգի կա և ընդամենը 8 մահճակալ: Այս հայտարարությունը առիթ դարձավ, որ Արդարադատության նախարարն անձամբ հետամուտ լինի փաստերի ստուգմանը:
Օրեր անց հայտարարվեց, որ իրականում բանտախցում պահվում է ոչ թե 27, այլ 15 անձ և դրված է 8 մահճակալ և 1 բազմոց: Այլ կերպ ասած՝ նախարարությունը թեև հերքեց փաստաբանի տարածած տեղեկությունները, բայց հաստատեց, որ տվյալ խցում 6 կալանավոր քնելու տեղ չունեն:
Ավելի ուշ նախարարի միջամտությամբ Գևորգ Սաֆարյանը տեղափոխվեց ավելի բարվոք պայմաններով բանտախուց: Հասարակության մեջ կրքերը մարեցին, նախարարությունն ազատվեց գլխացավանքից: Բայց խնդիրը մնաց: Այսօր էլ Հայաստանում, տասնյակ կալանավորներ զրկված են քնելու տարրական պայմաններից:
ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդրի պատճառների ու հետևանքների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
-Հիմնադիր խորհրդարանի կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանի օրինակով, փաստորեն, ԱՆ-ը հերթական անգամ հաստատեց ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդրի առկայությունը, բայց ինչպես նախարարն էր ասել, ոչ այն աստիճանի, ինչ հայտարարել էր փաստաբանը:
-Ի՞նչ է նշանակում աստիճան: Փաստ է, որ Գևորգ Սաֆարյանը պահվում էր մի խցում, որտեղ 8 մահճակալ և 1 բազմոց կար: Այդ բազմոցին այդ խուցը «նայողն» էր քնում, և այդտեղ առկա էր 15 անձ: Փաստաբանը, ես չգիտեմ, այդ թվերը որտեղից էր վերցրել, բայց հարցը գերբեռնվածության աստիճանը չէ: Էականը ոչ թե աստիճանն է, այլ այն, որ գերբեռնվածությունը միանշանակ կա, այսինքն 15 անձից 6-ը գիշերը չեն քնում: Հիմա սա շա՞տ է, թե՞ քիչ:
Թեկուզ մեկ անձ էլ լինի, չի կարելի նման թվաբանական մոնիպուլյացիայի միջոցով խնդիրը աղճատել: Եթե թեկուզ մեկ անձ էլ գիշերը չի կարողանում քնել, դա արդեն պրոբլեմ է:
-Այդուհանդերձ, փաստ է, որ քաղաքական հնչերանգ ու հասարակական հնչեղույուն ստանալուց հետո նախարարությունը շտապեց լուծել այս մեկ անձի հարցը, բայց խնդիրն այնուամենայնիվ մնաց:
-Ավելի ազնիվ կլինի, հասկանալ, թե ինչում է այդ գերբեռնվածության խնդիրը դրսևորվում: Իհարկե առաջինը՝ դա մեզ չի էլ հերտաքրքրում, պետությունը պետք է այնպիսի պայմաններ ապահովի, որ այդ խնդիրն ընդհանրապես չլինի: Ամեն անձ իր 4 քմ տարածքը, իր առանձին մահճակալն ունենա: Բայց, երբ որ խորանում ես, թե որոնք են այդ պատճառները, ապա տեսնում ես, որ պատճառներ իրականում կան: Օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մոտ 800 անձի փոխարեն 1100 մարդ կա: Դրանց մի մասը կալանավորված անձինք են: Կալանավորված անձանց լրակազմը շատ ավելի քիչ է, քան դատարանի որոշմումներով կալանավորված անձանց թիվը, դրա համար էլ գերբեռնավծություն է առաջանում: Առավել ևս, եթե նույն գործի շրջանակներում մի քանի անձ է կալանավորվում, պետք է առանձին խցերում պահվեն, սա էլ լրացուցիչ խնդիր է: Ազատազրկվածների մասով, նա էլ առանձին խնդիր է՝ փակ ռեժիմ, կիսափակ ռեժիմ և այլն:
Կան խցեր, որտեղ քիչ են, կան խցեր, որտեղ շատ են: Հաստատ իմացեք, որ այսպես կոչված՝ «զոն նայողները» գերբեռնված խցերում չեն մնում: Այսինքն՝ սա էլ լրացուցիչ հանգամանք է, որ ոչ օրինական հիերարխիկ այդ ինստիտուտը լրացուցիչ բարդություն է առաջացնում: Եվ սա պետք է ազնվորեն ընդունել: Այսինքն՝ մեկն իր տարածքը փորձում է ավելացնել ի հաշիվ այդ հիերարխիայում ավելի ցածր կարգավիճակ ունեցող մեկ ուրիշի: Այս ակնհայտ խտրական վերաբերմունքը իրականացվում է հիմնարկի ղեկավարության թողտվությամբ, եթե չասենք՝ ուղղակի մասնակցությամբ: Այն, որ գերբեռնվածության խնդիրը կա, դա միանշանակ է, բայց պետք է հասկանալ նաև, թե որոնք են դրան նպաստող գործոնները:
-Ոլորտի պատասխանատուները վստահեցնում էին, որ նոր «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցմամբ խնդիրը կլուծվի, բայց ՔԿՀ-ն արդեն հանձնվել է շահագործման, որոշ չափով բնակեցվել է, սակայն իրավիճակի փոփոխություն, կարծես թե չկա:
-Քանի դեռ ՀՀ արդարադատությունն ունի պատժիչ բնույթ, ունենանք մենք «Արմավիր», երկրորդ «Արմավիր», երրորդ «Արմավիր», մենք ունենալու ենք գերբեռնվածություն: Քանի դեռ արդարադատությունն ունի պատժիչ բնույթ, դատարանը և դատավորն անկախ չեն՝ որոշումների կայացման ժամանակ, մենք ունենալու ենք գերբեռնվածություն:
Աղբյուրը՝ www.pastinfo.am