Գորիկ Հակոբյանը գործ կհարուցի՞ ՌԴ սահմանապահների նկատմամբ
10:53, June 9, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԱվետիսյանների ընտանիքի իրավահաջորդներից մեկի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը Ռուսաստանի Դաշնության սահմանապահների գործողությունների առնչությամբ քրեական գործ հարուցելու հարցով դիմել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին:
Միջնորդության մեջ ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները 2015թ.-ի հունվարի 13-ին ժամը 00:15-ին հայ-թուրքական պետական սահմանին հայտնաբերել են ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարող անծանոթ անձին և այդ մասին որևէ տեղեկություն չեն փոխանցել ո՛չ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ո՛չ էլ ՀՀ իրավապահ մարմիններին:
Նշենք, որ ՌԴ սահմանապահները լիազորություն չունեն անձանց ձերբակալելու, այլ միայն կարող են բռնել այն մարդկանց, ովքեր ապօրինի փորձում են հատել հայ-թուրքական կամ հայ-իրանական սահմանը, որից հետո պետք է կանչեն ՀՀ Ազգային անվտանգության մարմիններին և նրանց փոխանցեն իրավախախտին:
Ուստի իրավապաշտպան Արթուր Սաքունցի բնորոշմամբ ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները Պերմյակովին ուղղակի «փախցրել» են:
Չնայած իրավապաշտպանը մեծ հույսեր չի կապում ԱԱԾ-ի հետ, ասում է՝ միջնորդությունն անհրաժեշտ է երևույթներին իրավական գնահատականներ և ձևակերպումներ տալու համար:
«Գիտեք, մենք որոշ ժամանակ սպասելուց հետո, երբ իրապես հասկացանք, թե ինչպիսին է ՀՀ-ի իրավապահ մարմինների պահվածքը, վարքագիծը և արդյոք օրենքով սահմանված անհրաժեշտ գործողությունները պատրաստ են անելու կամ ինչ են անելու, համոզվեցինք, որ կա, մեղմ ասած, զուսպ դիրքորոշում, եթե չասեմ անգործություն, և հիմա մենք որևէ ակնկալիք իհարկե չունենք, բայց իրավական տեսակետից պետք է արձանագրենք այդ միջնորդությունների և դրանց պատասխանների միջոցով, թե ինչ գործողություններ պետք է կատարել և կատարում են արդյոք մեր ՀՀ իրավապահ մարմինները, ԱԱԾ-ն»,- ասում է Արթուր Սաքունցը:
Նշենք, որ ավելի վաղ իրավապաշտպանը հարցադրումներ է ուղարկել նաև ՀՀ քննչական կոմիտե՝ Պերմյակովի նկատմամբ քրեական գործ հարուցելու և ՌԴ զինվորականների ապօրինի զենքով ՀՀ տարածքում գտնվելու հարցերի հետ կապված: Իրավապաշտպանն ասում է՝ մամուլի ասուլիսներում և լրատվամիջոցներում տեղ գտած բոլոր հարցերը պետք է իրավական ձևակերպումներ ստանան, քանի որ միայն այդ պատասխանների միջոցով կարելի է հասկանալ՝ գործի բացահայտման ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ, թե ոչ:
«Հույս ունենալ, թե արդյոք կբացահայտվի իրական մոտիվացիան, դժվարանում եմ ասել: Բայց նախաքննության ավարտից հետո կունենանք ավելի հիմնավոր ինչ-որ պատկեր և ավելի հիմնավոր կարծիք: Մենք կունենանք պատկեր, բայց պատասխաններ չենք ունենա, ավելի շուտ կունենանք էլի անպատասխան հարցադրումներ»,- ասում է Արթուր Սաքունցը:
Հենց այդ պատճառով էլ իրենք պահանջել են նաև ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների միջև կնքված այդ համաձայնության տեքստը, որպեսզի հասկանան, թե որն է այդ շտաբի դերը:
Հարցին, թե հակասություն կա արդյոք ՀՀ և ՌԴ կողմերի ներկայացրած հիմնավորումների, նկարագրությունների և գործով իրականացված քննության արդյունքների միջև, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Ես ոչ մի անգամ հղում չեմ կատարել և չեմ էլ կատարելու ռուսական կողմին: Մեզ համար ռուսական կողմ չկա այս պահին որպես Ավետիսյանների ընտանիքի սպանության քննություն իրականացնող մարմին, չգիտեմ էլ հակասություն կա, թե չկա: Ինձ հետաքրքրում է ՀՀ իրավապահ մարմինների գործողությունները և հետևաբար նաև անգործությունը: Ռուսական կողմի իրականացրած քննությունն Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով որևէ իրավական հիմնավորում չունի, և եթե ռուսական կողմը գտնում է, որ դա իրավականորեն հիմնավորված է, դա մեզ համար որևէ նշանակություն չունի, նույն հաջողությամբ կարող է Ավստրալիայի կամ Նոր Զելանդիայի իրավապահ մարմինը հարուցել քրեական գործ Ավետիսյանների սպանության գործով»:
Աղբյուրը՝ www.galatv.am