«Ծածուկ վայրերում ոստիկաններն իրենց էությունը ցույց են տալիս»
11:03, July 7, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը Բաղրամյան պողոտայում այսօր ոստիկանության իրականացրած գործողությունները դերասանություն է որակում: Ոստիկանությունը պողոտան բացելու գործողության ժամանակ բռնություն չկիրառեց ցուցարարների նկատմամբ, սակայն հետագայում ակտիվիստներից ահազանգեր ստացվեցին ու շարունակվում են ստացվել այն մասին, որ ոստիկանական մեքենաներում ու բաժիններում բռնություն է կիրառվել իրենց նկատմամբ:
Lragir.am-ի հետ զրույցում Արթուր Սաքունցն ասաց, որ բռնությունների վերաբերյալ արդեն տարբեր տեղեկություններ կան: Նրա խոսքով՝ պարզվեց, այն հրապարակային վարքագիծը, որը ոստիկաններն աղբամանների ապամոնտաժման ու փողոցը բացելու ժամանակ էին կիրառում, դերասանություն էր:
«Աղբամանների ապամոնտաժումից ու փողոցը բացելուց հետո ոստիկանության մեքենաներ նստեցնելու, բաժին տեղափոխելու, նաև բաժնում գտնվելու ընթացքում ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնությունները, որոնք իրականացրել են ոստիկանության աշխատակիցները, հունիսի 23-ի ցույցը ցրելու գործելաոճի շրջանակներում են: Ծածուկ վայրերում ոստիկաններն իրենց ողջ էությունը ցույց են տալիս՝ իրենց բռնություններով հանդերձ: Դա իրապես խայտառակ դրսևորում է: Այն, ինչ հրապակային ցույց տրվեց ապամոնտաժման ժամանակ, իրապես փաստեց, որ որևէ բռնություն չգործադրվեց, բայց այն, ինչ կատարվեց հետո, դա ուղղակի խայտառակություն է: Այդ կառույցը բարեփոխվելու կարողությունից դեռևս բավական հեռու է»,- ասաց իրավապաշտպանը:
Նա նշեց, որ դեռ հայտնի չէր, թե քանի մարդ էր այսօր երեկոյան հավաքվելու Բաղրամյան պողոտայում, իսկ ոստիկանների գործողությունների հետևանքով այսօր երեկոյան ավելի շատ մարդ կարող է հավաքվել Ազատության հրապարակում:
«Ոստիկաններն էլ, իրենց արարքի հետևանքները շատ լավ գիտակցելով, շատ մեծ ուժեր են կուտակելու երեկոյան»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, որ ոստիկանությունը նախորդ օրերին չէր ցրում խաղաղ ցույցը, սակայն այսօր որոշեց ցրել, Արթուր Սաքունցը նշեց, որ դա հենց ոչ ոստիկանության ադեկվատության մասին է խոսում:
«Եթե գտնում են, որ խաղաղ է եղել, և իրապես այդպես էլ կա, այդ դեպքում նման ուժի կիրառումը ոստիկանության մեքենաներում և բաժիններում, որևէ հիմք չունի: Եթե դիմադրություն է ցույց տրվել, այդ ի՞նչ դիմադրություն է եղել, որ ուժ են կիրառել: Այսինքն՝ ֆիզիկական ուժի գործադրման իրավասությունը չի ենթադրում, որ ինքը բացարձակ է, որ անկախ կոնկրետ հանգամանքներից, այդ ուժը կիրառելը հիմնավոր է: Պետք է լինի ոստիկանության կամ մեկ այլ անձի նկատմամբ բռնության փորձ, որ ֆիզիկական ուժով կանխվի, բայց նման բան չի եղել»,- նշեց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ www.lragir.am