Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ
16:22, August 4, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախկինում տեղեկացրել էր, որ զբաղվում է թմրաբանական բժշկական հաստատությունում սահմանված կարգի խախտմամբ հաշվառման վերցված Ռուստամ Ղազարյանի խախտված իրավունքների պաշտպանությամբ:
Ռ. Ղազարյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը հայցադիմում էին ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Ռ. Ղազարյանի խախտված իրավունքները վերականգնելու՝ ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի՝ Ռուստամ Ղազարյանի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ առկա գրառումներն ու հաշվառումը վերացնելու պահանջով:
Դատարանը, սակայն, վերադարձրել էր ներկայացված հայցադիմումն այն պատճառաբանությամբ, որ չեն պահպանվել օրենսդրությամբ հայցադիմումի ձևին և բովանդակությանը ներկայացված պահանջները, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն, հայցադիմումում պետք է նշվեն հայցապահանջները հաստատող ապացույցները: Դատարան գտել էր, որ տվյալ դեպքում հայցվորը հայցադիմումին կից ներկայացրել էր փաստաթղթեր, որոնք դատարանը չէր կարող դիտել հայցապահանջը հաստատող ապացույցներ, քանի որ դրանք չէին ներկայացվել բնօրինակով, կամ պատշաճ վավերացված պատճենի տեսքով:
Դատարանի հիշյալ միջանկյալ դատական ակտի դեմ Ռ. Ղազարյանը և նրա ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, հիմնավորելով, որ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի դրույթները, ըստ որի հայցադիմումում պետք է նշվեն հայցապահանջները հաստատող ապացույցները, սակայն, օրեմսգիրքը չի նախատեսում պարտադիր պահանջ հայցադիմումին կցելու այդ ապացույցները, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուժով իրավական ակտը պետք է մեկնաբանվի դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Բացի այդ, վերաքննիչ բողոքում հիմնավորումներ էին ներկայացվել նաև այն մասին, որ դատարանն, ըստ էության, կատարել է ապացույցների հետազոտում և գնահատում, մինչդեռ, դատարանն այդ դատավարական գործողությունները կարող է կատարել միայնվերջնական դատական ակտ կայացնելիս: Ռ. Ղազարյանը և Տ. Սիրադեղյանը խնդրել էին վերացնել հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով ներկայացված վերաքննիչ բողոքը, 2015 թ. հուլիսի 30-ին կայացրել է բողոքը բավարարելու մասին որոշում, որով գտել է, որ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, նշել է, որ դատարանի վկայակոչած հանգամանքը հիմք է հայցադիմումի ըստ էության քննության արդյունքում դատական ակտ կայացնելիս պահանջը բավարարելու կամ մերժելու համար և չի կարող հիմք հանդիսանալ հայցադիմումը վերադարձնելու համար, իսկ հայցապահանջները հաստատող ապացույցները հայցադիմումին կից ներկայացնելը՝ բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով, հայցվորի իրավունքն է և ոչ թե պարտականությունը: Այսպիսով, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հիմնավոր է համարել այն փաստարկը, որ հայցադիմումը պետք է վարույթ ընդունվեր դատարանի կողմից և գտել է, որ վերաքննիչ բողոքում վկայակոչված դատավարական իրավունքի նորմերի խախտումներին վերաբերող փաստարկները հիմնավոր և բավարար են դատական ակտը վերացնելու համար: