Եթե այս իշխանությունը չփոխվի, ես հավիտյան չեմ կարող գալ Հայաստան․ Շանթ Ոսկերչյան
17:11, August 9, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» համագաղութային շարժման Փարիզի մասնաճյուղի բանբեր Շանթ Ոսկերիչյանը։
– Պարոն Ոսկերիչյան, Երևանի օդանավակայանից Ձեզ ամիսներ առաջ հետ ուղարկեցին, թեև մինչ այդ երբեք նման խնդիր չէիք ունեցել Հայաստան ժամանելիս: Դուք նշում էինք, որ մինչև Եվրոպական դատարան կգնաք: Ո՞ր փուլում է Ձեր գործն այս պահին:
– Թեև ես շատ վրդովված էի, սակայն չեմ ուզում, որ Հայաստանի արդեն վատ համբավը միջազգային ասպարեզում ավելի վատանա իմ հարցով: Դրա համար հարցը դեռ չեմ միջազգայնացրել, ցանկացել եմ այն լուծել քաղաքական շփումներով: Խոսքն իմ մասին չէ, ես որևէ մեկի հետ չեմ կապվել, բայց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանի հետ և իրենց վրդովմունքն են արտահայտել տեղի ունեցածի կապակցությամբ: Պարոն Չիթեչյանն ըմբռնումով է մոտեցել այս հարցին, հետո խոստացել, որ այդ հարցը կարծարծի Հրանուշ Հակոբյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցի ժամանակ: Սակայն համայնքի ներկայացուցիչներին պատասխան չեն տվել՝ հարցն արծարծվե՞լ է, թե՞ ոչ:
Երկրորդ՝ երբ ՀՀ վարչապետը Ֆրանսիա եկավ, և Ֆրանսիայի վարչապետի հետ դպրոցի բացմանը մասնակցեցին, այդ ժամանակ նորից իմ հարցը համայնքի ներկայացուցիչներն արծարծել են Հովիկ Աբրահամյանի հետ: Նա ասել է, որ տեղյակ է խնդրին, այդ հարցը պետք է լուծվի, և ցանկություն է հայտնել տեսնել ինձ դպրոցի բացման օրը: Այդ օրը ես գնացել եմ, բայց երբ պիտի նրան հանդիպեի, այն սրահը, որտեղ հյուրասիրություն էր կազմակերպվել, ինձ ներս չթողեցին: Հետո հասկացա, որ ՀՀ դեսպանատան՝ չգիտեմ որ ուժերը արգելել են իմ մուտքն այդ սրահ: Հավանաբար վախեցել են, որ կարող եմ ինչ-որ բան անել, բայց ես նման տրամադրություն բացարձակապես չունեի՝ իհարկե: Պիտի խոսեինք պարզապես: Այդպես ստացվեց:
Շփումները շարունակվում են համայնքի ներկայացուցիչների միջոցով: Առավելագույն ժամանակը, որ ես կարող եմ սպասել՝ օգոստոսի վերջն է: Եթե մինչև սեպտեմբերի սկիզբը որևէ տեղաշարժ չլինի, ես այս հարցը կմիջազգայնացնեմ: Կրկնեմ՝ ես չեմ ուզում, որ Հայաստանի առանց այդ էլ վատ համբավը միջազգային ասպարեզում էլ ավելի վատթարանա, բայց ամեն բան իր չափն ունի: Եթե նրանք դա չեն ըմբռնում, ես ասելիք չունեմ:
Ինչ վերաբերում է դատական գործընթացին, այն Հայաստանում հետապնդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և նաև Օմբուդսմենը: Նրանք նամակներ են գրել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին՝ հարցնելով, թե այս մարդն ի՞նչ է արել, նրանք էլ պատասխանել են, որ այդ մարդն սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը Ֆրանսիայում: Երկրորդ նամակով հարցրել են, թե կոնկրետ ինչ է արել, որ սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը, պատասխանել են, թե դա պետական գաղտնիք է, ուստի հրապարակել չեն կարող:
– Այսինքն՝ Ձեզ Հայաստանի տարածք չթողնելու պատճառը պետական գաղտնի՞ք է:
– Այո, բայց հիմա պարոն Սաքունցի միջոցով գործը շարունակվում է: Ես նրան լիազորել եմ, և նա դատի է տալու, իհարկե՝ փակ դատավարությամբ: Ես, իհարկե, Հայաստանի դատաիրավական համակարգին բացարձակ չեմ վստահում, բայց գործընթացը պետք է այդպես լինի՝ պետք է ՀՀ բոլոր ատյաններով գործն անցնի, որպեսզի ես կարողանամ դիմել Եվրոպական դատարան:
– Հեռվից հետևելով Հայաստանում ընթացող իրադարձություններին, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին՝ ի՞նչ կարծիք ունեք: Ի՞նչ է փորձում իրականացնել ՀՀ իշխանությունը՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով:
– Նրանց նպատակը վերարտադրությունն է, այսինքն՝ որպեսզի Սերժիկն ու իր բանդան մնան երկրի ղեկավար: Ես կարծում եմ, որ պետք է ամբողջովին բոյկոտի ենթարկել սահմանադրական փոփոխությունները, չմասնակցել, նույնիսկ վիճաբանելն անհեթեթություն է նման նախագծի պարագայում: Ի վերջո, ՀՀ Սահմանադրությունը, որը մեծ մասամբ վերցված է Ֆրանսիայից, վատը չէ: Հարցը Սահմանադրությունը չէ, այլ դրա կիրարկումը, որը զրո է հիմա:
– Բայց բոյկոտը կարո՞ղ է պայքարի արդյունավետ ձև լինել:
– Հաշվի առնելով, որ 1995-ին Սահմանադրության ընդունումից ի վեր բոլոր ընտրություններն ու հանրաքվեները կեղծվել են, այս մի հանրաքվեն ինչի՞ է ծառայելու: Եթե նույնիսկ ժողովուրդը 80 տոկոսով դեմ արտահայտվի Սահմանադրությանը, իրենք պիտի հայտարարեն, որ այն անցել է 50 կամ 60 տոկոսով:
– Իսկ Ձեր կարծիքով՝ այս հարցում կլինի՞ հանրային մոբիլիզացիա, ինչպես դա եղավ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարում:
– Հուսով եմ, որովհետև այդ ժամանակ տեսանք շատ ուժեղ ու բանիմաց երիտասարդություն, որը մինչ այժմ չէր երևացել հրապարակներում: Սա մեզ բավական հույս ներշնչեց, որ ոչ միայն սոցիալական կարևոր հարցերի դեպքում, այլև շատ ավելի գլոբալ խնդիրներում կկարողանան նույնկերպ ընդվզել: Ես հուսով եմ, որ հաջորդ ընդվզումների ժամանակ, երբ Բաղրամյան պողոտան գրավվի, այլևս տուն վերադարձ չի լինի՝ մինչև գլխավոր խնդրի լուծումը: Հարցը պետք է հենց այնտեղ լուծել: Երբ 15-20 հազար մարդ հավաքվի Բաղրամյանում, որևէ մեկը չի կարող դիմանալ այդ ուժին, և նախագահն այդ ժամանակ պետք է հրաժարական տա:
– Փաստորեն այլևս չեք կարող Հայաստան գալ՝ մինչև այդ բոլոր դատական գործընթացներն ավարտվեն:
– Առայժմ այդպես է վիճակը, քանի որ մեզ անգամ ժամկետ չեն ասել: Պարոն Սաքունցը պետք է հետաքրքրվի, թե ինչ ժամկետում են պատրաստվում ինձ Հայաստան չթողնել: Այսինքն՝ ստացվում է, որ եթե այս իշխանությունները շարունակեն մնալ երկրի ղեկավար, ես հավիտյան չեմ կարող գալ Հայաստան: Հուսով եմ, որ այդպես չի, և եթե անգամ այդպես է, հուսով եմ, որ սրանք ժամ առաջ կգնան: Այս ամառ մտադիր էի ընտանիքով գալ Հայաստան, անգամ տոմսերն էինք գնել. Հայաստանում կնունք ունեինք անելու: Բոլոր ծրագրերը ստիպված փոխեցի: Ես ամեն անգամ չեմ կարող տոմս գնել ու գումար կորցնել, ինձ պետք է հստակ պատասխան տան՝ արգելքը վերացա՞ծ է, թե՞ ոչ: Եթե վերացած չի, ես ռիսկ չեմ անի նորից գալու փորձ անել, թեև Հայաստան այցելելու ցանկությունն, իհարկե, շատ մեծ է:
– Դուք շարունակում եք պնդել, որ Ձեզ հետ տեղի ունեցածը քաղաքական հետապնդման արդյո՞ւնք է՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում բավականին կոշտ քննադատության եք ենթարկել Հայաստանի իշխանություններին:
– Անկասկած, ես ինձ համարում եմ քաղհալածյալ: Նույնիսկ սփյուռքում ապրելով՝ մեզ չեն թողնում մտածել ոչ իրենց նման: Մենք ուրույն մտածելակերպ ունենք և կարող ենք արտահայտել մեր ընդվզումն իրենց սարքած համակարգի դեմ: Սա մեր բնական մտածելակերպն է: Այսինքն՝ ստացվում է, որ այս իշխանությունների ընդդիմախոս մարդն իրավունք չունի Հայաստան մտնելու. սա անհավատալի բան է: