Մշտական բնակչության և ընտրողների թվի հարաբերակցությունը` հանրաքվեին ընդառաջ
15:09, November 6, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններԸնտրական գործընթացների լեգիտիմության գնահատման շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար ուսումնասիրում է տարբեր գործոններ, որոնք ազդում են կամ կարող են ազդել ընտրությունների օրինականության վրա:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը 1991թ. եղել է 3 512 000 մարդ, որի 58 %-ը (2 051 473) կազմել են ընտրելու իրավունք ունեցող՝ այսինքն՝ 18 տարին լրացած գործունակ անձինք: Ընդհանուր և համակարգված ընտրական ցուցակների բացակայության, ինչպես նաև հաշվառման մեխանիզմների անորոշության պատճառով, թերևս, 1990-ականներին ընտրացուցակներում առկա էին բազմաթիվ բացեր, և մեծ թվով բնակիչներ զրկված էին ընտրելու իրավունքից: Ժամանակի ընթացքում այս խնդրի կարգավորումը, սակայն, հանգեցրել է հակառակ ծայրահեղության: Ընտրողների թվի տեսակարար կշիռը անհամաչափ մեծացել է 2012թ. ից՝ հասնելով 83%-ի: Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 3 010 600: 2015թ. ՀՀ Ոստիկանության ներկայացրած նախնական ընտրացուցակներով ընտրողների թիվը դարձել է 2 552 243, այսինքն՝ ընտրողների տեսակարար կշիռը 85 % է: Այսինքն՝ նշված 24 տարիների ընթացքում ՀՀ բնակչությունը պակասել է ավելի քան 500 հազարով, միաժամանակ գրեթե նույնքանով ավելացել է ընտրողների ընդհանուր թիվը (Տես Աղյուսակ 1):
Ըստ ՀՀ ԱՎԾ բնակչության տարիքային բաշխվածության տարեկան միջին ցուցանիշի՝ մշտական բնակչության 25-30 % եղել է մինչև 18 տարեկան: Ստացվում է, որ մշտական բնակչության 70-76 % (կամ միջինը 73 %-ը) պետք է լիներ ընտրող (ինչպես, ըստ Աղյուսակ 1-ի, եղել է 2003-2008): 2012թ. ընտրողների թվի տեսակարար կշռի 10 % ավելացումը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես բնական աճ, քանի որ որևէ թվական հիմքեր կամ փաստեր չկան կարծելու, որ նման բնական հավելաճ է տեղի ունեցել 1990-1994թթ.:
Պատկերն ավելի հստակ է դառնում, երբ ուսումնասիրում ենք մարզային բաշխումները: Համադրելով 2007, 2008, 2012, 2013, 2015 թվականների հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում մշտական բնակչության թվերը նույն բնակավայրերում այդ թվականին տեղի ունեցած համապետական ընտրությունների ընտրողների ընդհանուր թվերի[1] հետ՝ տեսնում ենք, որ ընդհանուր բնակչության թվի նվազմանը զուգահեռ կտրուկ ավելացել է ընտրողների բացարձակ թիվը և տեսակարար կշիռը: Լոռու մարզում, փաստորեն, ընտրողների թիվը կազմում է մշտական բնակչության 105%-ը (Տես Աղյուսակ 2):
Իսկ Վանաձոր քաղաքի բնակչության և ընտրողների թվի հարաբերակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների թվի անհամաչափ աճի վերոնշյալ տենդենցը արհեստական միջամտության կամ թվային մանիպուլացիայի արդյունք է:
Այսպես՝
2001թ. մարդահամարի տվյալներով՝ Վանաձորի առկա բնակչությունը եղել է 93 823, իսկ մշտական բնակչությունը՝ 107 394: 2011թ. մարդահամարի տվյալների համաձայն՝ առկա բնակչության թիվը կազմել է 82 327 մարդ, իսկ մշտական բնակչության թիվը՝ 86 199: Ստացվում է, որ Վանաձոր քաղաքի ընտրողների թիվը 2001թ. պետք է լիներ 75 – 80 հազար, իսկ 2011թ.՝ 60 – 65 հազար:
Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի տվյալների՝ 2005թ. Վանաձոր քաղաքի ընտրողների ընդհանուր թիվը եղել է 101 205: Մինչդեռ ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2005 թվականին Վանաձորի մշտական բնակչության թիվը կազմել է 105 700 մարդ, այսինքն՝ մշտական բնակչության 96 %-ն ունեցել է ընտրելու իրավունք:
2015թ. բնակչության թվի նվազմանը զուգահեռ աճել է ընտրողների թիվը, որի արդյունքում Վանաձոր քաղաքի ընտրողների թիվը կազմում է մշտական բնակչության 117 %-ը, ինչը շուրջ 36 հազարով կամ 60 %-ով ավել է հաշվարկված թվից (Տես Աղյուսակ 3):
Վերջին օրերին ՀՀ Ոստիկանությունը տարբեր պարզաբանումներ է ներկայացնում, ըստ որոնց՝ ՀՀ ԱՎԾ տվյալները չեն հիմնվում ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա և չեն ներառում մարդկանց, ովքեր մեկ տարուց ավել բացակայում են հանրապետությունից[2]: Ըստ Գալա հեռուստաընկերության՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալներով 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է եղել 3 302 424 անձ, ըստ այդմ՝ ընտրողների տեսակարար կշիռը կազմում է 77 %, ինչն, այնուամենայնիվ, գերազանցում է ենթադրյալ շեղումը (Տես Աղյուսակ 4):
Չքննարկելով ՀՀ բնակչության պետական ռեգիստրի և ՀՀ ԱՎԾ մշտական բնակչության թվերի համապատասխանությունն իրականությանը՝ պետք է պարզապես արձանագրել, որ այս տվյալներից ելնելով՝ ՀՀ ընտրողների ցուցակի առնվազն 15 %-ը այլևս չի բնակվում Հայաստանի Հանրապետությունում, չունի ընտրելու հնարավորություն, բայց միաժամանակ զրկված է իր քվեի օգտագործման բացառումը ստուգելու մեխանիզմից, քանի որ ստորագրված ընտրացուցակները հասանելի չեն:
Քանի որ 2011թ. մարդահամարի ընթացքում տեղեկատվություն է հավաքագրվել նաև այն մասին, թե բնակիչները որքան ժամանակով և ինչ նպատակով են բացակայում իրենց մշտական բնակության վայրից, ապա դժվար չէ ենթադրել, որ այդ տվյալները կարող էին օգտագործվել 2012թ. ընտրացուցակների վերանայման համար՝ բացակա ընտրողների քվեների օգտագործման նպատակով: Միաժամանակ քաղաքական կամքի առկայության դեպքում ՀՀ Կառավարության մեկ որոշմամբ հնարավոր էր սահմանել կարգ, ըստ որի՝ առնվազն 2011թ. մարդահամարի արդյունքում բացահայտված, Հայաստանի Հանրապետությունից երկարաժամկետ բացակայող ՀՀ քաղաքացիների ցուցակը կարող էր առանձնացվել հիմնական ընտրացուցակից՝ այսպիսով բարձրացնելով քաղաքացիների վստահությունը, որ ընտրացուցակներն ուռճացված չեն, և բացակա քաղաքացիների քվեները չեն օգտագործվի: Այդ ցուցակը հեշտությամբ կարող էր նաև վերանայվել ՀՀ սահմանի հատման միասնական համակարգի օգնութամբ, որը, ըստ մեր տեղեկության, արդեն կիրառվում է ՀՀ բոլոր սահմանային անցակետերում:
[1] Ի գիտություն, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում բացակայում է 2008 թ. նախագահական ընտրությունների ընտրողների թիվը, այդ պատճառով թիվը հաշվարկվել է տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրված քվեաթերթիկներից, որոնք, ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի, 3%-ով ավելի են ընտրողների թվից:
[2] Ոստիկանության նախնական «ստուգատեսներն» ու պետռեգիստրի «բաղձալի» տվյալները. ՀՀ-ում հաշվառված է 3.302.424 մարդ, http://galatv.am/hy/anatylitcs/3-302-424/
Ի գիտություն՝ սույն նյութը պատրաստվել է մինչև ՀՀ Ոստիկանության կողմից ընտրողների ընդհանուր թվի մասին հաղորդագրության տարածելը: Հաղորդագրության մեջ առկա տվյալներով՝ ընտրողների ընդհանուր թիվը 2089-ով ավելի է սույն նյութում հրապարակված թվից, ինչը, հնարավոր է, տեխնիկական վրիպակ է մեր կողմից և կշտկվի ցուցակների վերանայումից հետո: