«Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած Կ. Հարությունյանի գործով բողոք է ներկայացվել Գլխավոր դատախազություն
18:47, November 24, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, Կյանքի իրավունք2015 թվականի օգոստոսի 31-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Գագիկ Թադևոսյանը, ով հայտնել է, որ նույն թվականի օգոստոսի 17-ին իրենց տան բակում օձը խայթել է իր մորը՝ Կարինե Հարությունյանին: Կատարվածից անմիջապես հետո տուժողը տեղափոխվել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր շարունակ պատշաճ բուժօգնություն չստանալով, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է օրգանիզմի սուր ինքնաթունավորման, բազմաօրգանային անբավարարության հետևանքով:
Քաղաքացու դիմումի հիման վրա Կազմակերպության կողմից 2015 թվականի սեպտեմբերի 3-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին՝ պահանջելով Կ. Հարությունյանի մահվան հանգամանքները, պատճառները բացահայտելու, «Արարատի հիվանդանոց» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների բուժանձնակազմերի արարքում հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելու, նրանց գործողությունների (անգործության) ու Կ. Հարությունյանի մահվան միջև պատճառական կապի առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով հարուցել քրեական գործ և միջոցներ ձեռնարկել Կ. Հարությունյանի խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ: Պատասխան գրությամբ հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ դեռևս 2015թ. օգոստոսի 30-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: 2015թ. հոկտեմբերի 14-ին վերջինս ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ս. Մաթևոսյանին ուղղված գրությամբ պահանջել և նույն թվականի նոյեմբերի 2-ին ստացել է 2015 թվականի օգոստոսի 30-ին կայացված՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը, որից պարզ է դառնում, որ որոշումը կայացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Սույն որոշման դեմ Գ. Թադևոսյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին՝ խնդրելով վերացնել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Մղդեսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2015 թվականի օգոստոսի 30-ի որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի /բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ/ հատկանիշներով՝ գտնելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել է ոչ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ինչը խոչընդոտել է Կ. Հարությունյանի մահվան իրական հանգամանքների բացահայտմանը, հետևաբար՝ խախտում է նրա՝ ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածով և Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը:
Հավելենք, որ վարույթն իրականացրած մարմնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման մասին պետք է տեղեկացվեր նաև Գ. Թադևոսյանին, սակայն ինչպես վերը նշվեց, վերջինս դրա մասին տեղեկացել է միայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմելուց հետո, երբ Կազմակերպության կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն, բացի դրանից՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հստակ նշել բողոքարկման կարգն ու ժամկետները, ինչը ևս չի կատարվել վերջինիս կողմից, իսկ բողոքարկման մարմինն ընդհանրապես սխալ է նշվել՝ մատնանշելով դատարանը, այնինչ Քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը, հետևաբար, տվյալ դեպքում, մինչ դատարան բողոք ներկայացնելը՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը պետք է բողոքարկվի վերադաս դատախազին: