ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրավասու մարմիններից պահանջել է՝ գնահատական տալ Մանվել Գրիգորյանի և Շուշան Պետրոսյանի արարքներին
17:10, January 13, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ 2016 թվականի հունվարի 13-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով:
Հիշեցնենք, որ պատգամավորի կողմից վերոնշյալ սպառնալիքները հնչեցնելու վերաբերյալ www.armtimes.com լրատվական կայքում 2016 թվականի հունվարի 11-ին հրապարակվել էր «Լսի, այ լակոտ, աչքերդ կհանեմ». Շուշան Պետրոսյան» վերնագրով նյութը:
Նույն օրը www.hraparak.am լրատվական կայքում հրապարակվել է «Էջմիածնի նախկին քաղաքապետը հաստատում է գեներալ Մանվելի հետ ունեցած միջադեպը» վերնագրով նյութը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մարդիկ ծեծի ենթարկել Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին:
Նույնաբովանդակ նյութ հրապարակվել է նաև tert.am լրատվական կայքում:
Վերոնշյալ դեպքի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2016 թվականի հունվարի 13-ին փոստային առաքման միջոցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու, հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով: