Արթուր Սաքունց. Անպատժելիության և ցինիզմի անձեռնմխելիությունը պետք է հաղթահարվի (տեսագրություն)
15:49, January 16, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ
Արմեն Բաղդասարյան
Պարոն Սաքունց, ինչո՞վ է զբաղվում Ձեր կազմակերպությունը: Ումի՞ց եք պաշտպանում մարդու իրավունքները:
Արթուր Սաքունց
Մեր կազմակերպությունը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ: Մարդու իրավունքները պաշտպանում ենք իշխանության ոտնձգություններից, իշխանության մարմինների ապօրինի գործունեությունից:
Մարդու իրավունքների հասկացությունը գոյություն ունի պետություն-անհատ հարաբերությունների դաշտում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ուր ամրագրված է, որ չի կարելի անտեսել իշխանության կողմից չարաշահումները, և պետք են անպայման համապատասխան մեխանիզմ և իրավական ընթացակարգեր, որ անհատը իշխանության հետ հարաբերվելու ժամանակ ունենա այդ պաշտպանության հնարավորությունը: Այսինքն՝ մարդու իրավունքների պաշտպանը հանդիսանում է այն վահանը, որով անձը պաշտպանվում է իշխանության ոտնձգությունից:
Բոլոր իշխանություններին է հատուկ չարաշահելու տրված լիազորությունը: Եթե մի երկրում խախտվում է մարդու իրավունքը, ապա դա չի կարող համարվել միայն տվյալ երկրի ներքին խնդիր: Եթե կա մի համակարգ, որը տվյալ երկրում խախտում է իրավունքը, ապա նա սկսում է վտանգավոր դառնալ և սպառնալիք հանդիսանալ նաև հարևան երկրների համար:
Արմեն Բաղդասարյան
Դուք դրսից ֆինանսավորվում եք, որ Հայաստանում պաշտպանեք մարդու իրավունքները: Օրինակ՝ Ամանորի գիշերը մի քանի ակտիվիստներ Ազատության հրապարակում որոշեցին «առանձնակի դաժանությամբ» եղևնի տեղադրել, «քաջ» ոստիկաններն էլ վնասազերծեցին: Փաստորեն, ոստիկանությունը ֆինանսավորվում է պետությունից, գնում, ակտիվիստներին ձերբակալում է, դուք ֆինանսավորվում եք դրսից, պաշտպանում եք այդ մարդկանց իրավունքները: Չեն ֆինանսավորվում միայն ակտիվիստները: Դուք ի՞նչ ձևով եք պաշտպանում այդ մարդկանց իրավունքները: Քանի՞ հոգու իրավունք եք պաշտպանել Հայաստանում:
Արթուր Սաքունց
Երբ որ խոսում ենք դրսից ֆինանսավորման մասին, այդ ձևակերպման մեջ կարծես թե յուրային և օտար հասկացություններ կան: Մարդու իրավունքների պաշտպանության հասկացությունը չի տարբերակում դուրս ու ներսը:
Մարդկային քաղաքակրթության զարգացման օրինաչափությունը ընթացել է մտքերի, ապրանքների, ֆինանսների ազատ տեղաշարժման միջոցով: Այնտեղ, որտեղ եղել են սահմանափակումներ, քաղաքակրթությունը մահացել է: Այս տեսանկյունից դուրս ու ներս հասկացությունը տեղին չէ, հատկապես ներկա ժամանակաընթացքում, որտեղ մենք օգտագործում ենք գիտության նվաճումները, հասարակական, բնական գիտությունները, տնտեսական հզորությունները: Եվ դրա համար հետագա մոտեցումները, հատկապես 1975 թվականին կնքված Եվրոպայի անվտանգության և համագործակցության խարտիայի իմաստը այն էր, որ պետք է հարգվեն իրավունքները, մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը, այդ թվում՝ նաև ֆինանսների տեսակետից:
1990-ական թվականներից, այսինքն՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրը դառնում է եվրոպական, տվյալ դեպքում տարածաշրջանային կառույցների հիմնական խնդիրներից մեկը, այդ թվում՝ նաև ֆինանսական ապահովման տեսակետից: Այսինքն՝ չպետք է արգելվեն, ավելին՝ պետք է խրախուսվեն ֆինանսական հոսքերը ոչ միայն պետության, այլ նաև քաղաքացիական հասարակության մակարդակներով, քանի որ դա է քաղաքակրթական զարգացման կարևոր երաշխիքներից մեկը:
Արևմտյան ժողովրդավարությունն իր վրա վերցրեց նաև շատ կարևոր առաքելություն՝ աջակցելու նորանկախ, հետխորհրդային երկրներին նրանց ինստիտուցիոնալ զարգացման համար ժողովրդավարացման տեսակետից: Նույն եվրոպական կառույցները բավական լուրջ ներդրումներ են կատարում երկրների ինֆրաստրուկտուրայի՝ թե՛ բիզնեսի, թե՛ գյուղատնտեսության, թե՛ կոմունիկացիաների և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ: Կարծես թե աչքի չի զարնում այն, որ իշխանությունը, ոստիկանությունը, փոքր և միջին բիզնեսը, կրթական, առողջապահական համակարգերը օպտիմալացման նպատակով Համաշխարհային բանկից բավական մեծ չափով գումարներ, այդ թվում՝ նաև դրամաշնորհներ են ստանում, որովհետև այդ բնագավառների ֆինանսների տիրապետողը և իրացնողը հանդիսանում են իշխանությունները, իսկ մենք գիտենք, որ այդ իրացման հետ կապված բավական լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան, և կարծես թե մեզ թիրախավորելով նպատակ են հետապնդում, որ մենք էլ նույն կոռուպցիոն մեխանիզմների մեջ ընդգրկվենք այդ ֆինանսների իրացման տեսակետից և մեզ համահարթեցնեն:
Մեր իրավապաշտպան կազմակերպությանը տարեկան միջինը 650-700 քաղաքացի է դիմում իրավական անվճար խորհրդատվություն ստանալու համար: Պաշտպանված իրավունքը այնպիսի մեխանիզմ է, որը չի խախտում, ավելին՝ խախտված իրավունքի վերականգնման մեխանիզմը այն երևույթներն են, այն համակարգերը, որոնք, այսպես ասած, բովանդակային հասկացողությունը նյութականացնում են և զարգացնում: Երբ դու իրավունքը չես խախտում, դա նշանակում է ապահովում ես, որ անձը ազատ արտահայտվի և ստեղծագործական միտքը զարգանա: Եթե խախտված իրավունքը վերականգնում ես, նշանակում է վստահությունն է մեծանում քո ինստիտուտների նկատմամբ: Հենց այստեղ է տարբերությունը մեր նման երկրների և իրավական պետությունների միջև, որ ոչ թե այնտեղ իրավունքները չեն խախտվում, այլ այնտեղ կան մեխանիզմներ, որ խախտված իրավունքը հնարավոր է վերականգնել: Մեզ մոտ խախտված իրավունքը մնում է չվերականգնված, ավելին՝ նաև շարունակական բնույթ ունի, իսկ դա նյութական և ֆինանսական տեսակետից մեծ կորուստներ է ունենում:
Արմեն Բաղդասարյան
Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքները վիճակը, և ինչպիսի՞ գործունեություն եք ծավալելու այս իրավիճակում:
Արթուր Սաքունց
Իրավապաշտպան գործունեության նվազագույնը դա վկայություն տալն է, այսինքն՝ փաստեր հավաքել, ամրագրել իրավիճակը: Հաջորդ խնդիրը պահանջներն են: Մենք ոչ միայն պետք է արձանագրենք, այլև պահանջներ ներկայացնենք:
ՀՀ իշխանությունները Եվրամիության հետ բանակցությունների մեջ են նոր համաձայնագրի կնքման ուղղությամբ: Ի՞նչն է դրա կարևոր նշանակությունը: Իշխանությունը ֆինանսական ներդրումների մեծ կարիք ունի: Իրավապաշտպան կազմակերպությունները չպետք է թույլ տան որ ֆինանսավորումը առանց գործողության փոփոխություն կատարելու լինի:
Սերժ Սարգսյանի վարչակազմը հանրաքվեից հետո էլ ավելի լեգիտիմացվելու բավական լուրջ պրոբլեմ ունի: Ես մի առիթով ասել եմ, որ մենք սահմանադրական ճգնաժամի մեջ ենք հայտնվելու: Եվ ճգնաժամի առաջին արտահայտությունը եղավ մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը, այսինքն՝ սահմանադրական մարմինը, որն անձեռնմխելիության նույն մակարդակն ունի, ինչ ԱԺ պատգամավորները և նախագահը, պաշտպանված չէ: Եթե ոչ սա, ապա ինչ խնդիրն է, որը կարող է հիմնավորել ճգնաժամի գոյությունը նոր Սահմանադրության ընդունումից հետո:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: