Շիրակի մարզի դատախազը իրեն պահում է ՌԴ «ռայոնի» դատախազի աշխատակցի նման. Արթուր Սաքունց
16:39, February 2, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՓետրվարի 1-ի երեկոյան Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1990 թվականին ծնված Սերգեյ Սուդնիկովը հարբած վիճակում փորձել է ներխուժել Գյումրու Անի թաղամասի բնակարաններից մեկը: Միայն ընտանիքի ճիշտ կողմնորոշման շնորհիվ Սուդնիկովին չի հաջողվել ներխուժել բնակարան:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը դեպքի առնչությամբ որքան էլ, որ տարօրինակ է, նշել է, որ սխալմունք է տեղի ունեցել և Սուդնիկովը պարզապես շենքն է շփոթել:
Ըստ դատախազի` նրա մեղավորությունը կորոշվի տասն օրվա ընթացքում և մինչ այդ էլ կփորձեն հասկանալ՝ միջադեպում կա՞ն հանցագործության հատկանիշներ, թե ոչ:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի մեկնաբանությանը, նկատեց, որ նա իրեն պահում է ՌԴ «ռայոնի» զինդատախազի աշխատակցի մակարդակի, ով ենթարկվում է ռուսական զինվորական հրամանատարության քմահաճույքներին և կամայականություններին: Պերմյակովն էլ էր շփոթել, տեսանք դա ինչով ավարտվեց:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, newspress.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ռուս զինծառայողի պահվածքը, նախ նշեց, որ Պրեմյակովի դատի չորրորդ նիստի ժամանակ պարզ դարձավ, որ ռուսական բազայի հրամանատարությունը բացարձակապես չի առաջնորդվում հայ-ռուսական պայամանագրով, որով սահմանվում են ռուսական բազայի՝ ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում նրա իրավասությունները, անելիքները և հարաբերությունները ՀՀ կառույցների, պետական մարմինների և քաղաքացիների հետ:
Ռուսական բազայում, ըստ նրա, բացարձակապես տեղյակ չեն, թե ռուսական բազայի զինծառայողը, եթե որևէ հանցագործություն կատարի ռուսական բազայի տարածքից դուրս, ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ապա այդ հարցերով պետք է զբաղվեն ՀՀ իրավապահ մարմիները: Ռուսական բազայում գործում է հատուկ փնտրող խումբ՝ փախուստի դիմած կամ տարածքը լքած զինծառայողներին գտնելու համար:
Արթուր Սաքունցը շեշտեց, որ նման գործառույթ ըստ հայ-ռուսական պայմանագրի, նախատեսված չէ. նման իրավիճակներում ռազմաբազան պետք է տեղյակ պահի ՀՀ իրավապահ մարմիններին:
«Ռուսական բազայի հրամանատարությունը չի գիտակցում, որ գտնվում է այլ երկրի տարածքում, ոչ թե ՌԴ-ի որևէ զորամասում, որը կարող է դուրս գա փնտրի իր զինծառայողին, չի հասկանում, որ բազայից դուրս գործողություն իրականացնելու իրավասություն չունի»,- ասաց Ա. Սաքունցը, հավելելով, որ նման պարագայում ունեցել ենք, ունենք և կունենանք այն դրսևորումները, ինչպիսին տեղի ունեցավ նախօրեին Գյումրիում, հերթական անգամ:
Նա նաև նշեց, որ ռուսական բազայում նույն անկարգապահությունն ու անպատասխանատվությունն է, ինչ ՌԴ տարածքում, այն ինչ այլ երկրի տարածքում պետք է զինվորական կարգապահությունը ավելի բարձր լինի:
Ըստ իրավաշտպանի` եթե ռուս զինծառայողի փոխարեն հայ լիներ, ապա նրան կձերբակալեին և խափանման միջոց կկիրառվեր, որը տեղի չի ունեցել ռուս զինծառայողի պարագայում: Հայ իրավապահները անգործություն են ցուցաբերել, իսկ ռուսական բազայի կողմից ռուս-հայկական պայմանագրով նախատեսված պատշաճ վերահսկողություն չկա: