«Հանրության ընկալմամբ ռուսական ռազմաբազան Պերմյակովներ ծնող է». իրավապաշտպան
10:32, February 5, 2016Օրեր առաջ Գյումրու քաղաքացիներին անհանգստացրած հարբած ռուս զինծառայողի ու Վալերի Պերմյակովի միջեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նմանություններ չի փորձում գտնել:
«Խնդիրն այն է, որ հանրության ընկալման, ենթագիտակցության մեջ ռուսական ռազմաբազան Պերմյակովներ ծնող է: Նման դրսեւորումները հանրային գիտակցության մեջ ամրապնդում են, որ ռազմաբազան իրապես վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքին: Ռուսական բազայում իրավիճակը՝ կարգապահության, պատասխանատվության, ռազմական տեսակետից ուղղակի չի փոխվել: Զինվորական կարգապահությունը խիստ ցածր մակարդակի վրա է, զինվորական ծառայության կազմակերպումը՝ անմխիթար վիճակում: Ավետիսյանների սպանության դեպքից մեկ տարի անց նման դրսեւորումները նշանակում են, որ ռուսական բազայում ոչինչ չի փոխվել, բացի մարդկանց որոշակի փոփոխություններից»,- կարծում է իրավապաշտպանը:
Ռուսական ռազմաբազայից պարբերաբար հարբած զինծառայողների դուրս գալը պարոն Սաքունցը պայմանավորում է նաեւ նրանով, որ ՀՀ իշխանությունները պատշաճ մոնիտորինգ չեն անցկացնում ռազմաբազայի գործունեության վերաբերյալ:
Մեր հարցին, իսկ արժանահավա՞տ էր գյումրեցիների տուն գիշերով ներխուժելու փորձ կատարած հարբած ռուս զինծառայողի բացատրությունը, թե շփոթել էր ընկերոջ տունը այդ քաղաքացիների տան հետ, պարոն Սաքունցն ասաց. «Ես չեմ լսել զինծառայողի բացատրությունը, բայց ինձ համար տարօրինակ էր, որ նրա խոսքը վերարտադրողի դերում հանդես եկավ Շիրակի մարզի դատախազը: Այսինքն, դատախազը հանդես է գալիս ՀՀ քաղաքացու նկատմամբ հանցագործություն կամ ոտնձգություն կատարած անձի պաշտպանի, փաստաբանի դերում, մինչդեռ երբ պարզաբանմամբ պետք է հանդես գար ռուսական բազայի ղեկավարը, ոչ թե Շիրակի մարզի դատախազը»: