Դատարանը մերժեց Հովհ. Մոսյանի գործով ներկայացված բողոքը
14:05, February 5, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. փետրվարի 5-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, շարունակվեց Գոհար և Հովհաննես Մոսյանների կողմից ներկայացված բողոքի քննությունը, որով վերջիններս պահանջել են վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Առաքելյանի՝ 2015 թ. հուլիսի 31-ի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Գ. Մոսյանը, վերջինիս ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը: Վարույթն իրականացրած Ա. Առաքելյանը և վերահսկող դատախազ Հ. Պետրոսյանը չէին ներկայացել դատական նիստին: Ա. Առաքելյանը հեռախոսով հայտնել էր դատարանի աշխատակազմին, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրել էր նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Բողոքաբեր Գ. Մոսյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը գտավ, որ դատական նիստը կարելի է շարունակել վարույթն իրականացրած քննիչի և դատախազության ներկայացուցչի բացակայությամբ, հաշվի առնելով, որ վերջիններս նախորդ դատական նիստին ներկայացրել էին իրենց առարկությունները: Միաժամանակ, Գ. Մոսանը և Տ. Սիրադեղյանը չառարկեցին դատական նիստը Հ. Մոսյանի բացակայությամբ շարունակելու դեմ:
Դատարանը գտավ, որ դատական նիստը հնարավոր է շարունակել դատական նիստին չներկայացած բողոքաբերի և ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Առաքելյանի ու վերահսկող դատախազ Հ. Պետրոսյանի բացակայությամբ:
Տ. Սիրադեղյանը դատարան ներկայացրեց որոշ փաստաթղթեր, մասնավորապես, տեղեկանք այն մասին, որ Հ. Մոսյանը և Գ. Մոսյանը բնակվել էին իրենց հասցեում և չէին բացակայել նշված հասցեից, ինչպես նաև կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունները, որով Հ. Մոսյանը տարեկետում էր ստացել զինվորական ծառաությունից:
Գ. Մոսյանը և Տ. Սիրադեղյանը պնդեցին ներկայացված բողոքը և խնդրեցին վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Դատարանը, բողոքի քննությունը համարելով ավարատված, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Կարճ ժամանակ անց հրապարակված որոշմամբ դատարանը մերժեց բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Առաքելյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2015 թ. հուլիսի 31-ի որոշումը:
Տես նաև՝ hcav.am