ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի գործով դատական նիստը հետաձգվեց
15:45, February 24, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ա. Ավագյանի, ըստ հայցի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանի գործով կայացավ ևս մեկ նախնական դատական նիստ: Հիշեցնենք, որ նախորդ նախնական դատական նիստը հետաձգվել էր դատարան որոշ ապացույցներ ներկայացնելու համար:
Դատական նիստին մասնակցում էր հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը, որը դատարան ներկայացված լիազորագրի հիման վրա սույն գործով ներգրավվեց որպես Կազմակերպության ներկայացուցիչ:
Ա. Չատինյանը չառարկեց դատական նիստը պատախանողի բացակայությամբ անցկացնելու դեմ և դատարան ներկայացրեց տարբեր լրատվամիջոցներում կատարված հրապարակումների քաղվածքներ, որտեղ զենքով պարգևատրված կոնկրետ դեպքերով հրապարակվել էին նաև անձանց անուն-ազգանունները: Ա. Չատինյանը նշեց, որ այդ հրապարակումները փաստում են, որ զենքով պարգևատրված անձանց անուն-ազգանունների հրապարակումը նրանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում չի համարվում:
Դատարանն իր նախաձեռնությամբ այլ ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտության բացակայության պայմաններում դատական նիստը համարեց դատաքննությանը նախապատրաստված:
Դատաքննության օրվա և ժամի մասին կողմերը կտեղեկացվեն դատաքննություն նշանակելու մասին որոշմամբ: