Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարիին
15:51, February 26, 2016 | Համատեղ, Հայտարարություններ | ՔաղբանտարկյալներՕսլո, Երևան 26.02.2016թ.
Փետրվարի 19-ին իր ձերբակալությունից ի վեր հայտնի քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարին խոշտանգումների և վատ վերաբերմունքի է ենթարկվել Երևանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա հացադուլ է հայտարարել առանձին խուց տեղափոխվելու համար, սակայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմն անպատասխան է թողել նրա բողոքները: Նշված տեղեկությունները հայտնի դարձան միայն այն ժամանակ, երբ փետրվարի 24-ին Գասպարին դատաբժշկական փորձաքննություն անցնելու համար տեղափոխվեց հոգեբուժարան:
«Այս ազնիվ ակտիվիստը ենթարկվում է չլսված վատ վերաբերմունքի, որի հիմքում ընկած են ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ, – ասում է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղար Բյորն Էնգեսլանդը:
– Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորումների վերաբերյալ մեղադրանքների ներկայացման պարագայում իշխանությունները պարտավոր են արագ ձեռնարկել անհետաձգելի քննչական միջոցներ և ապահովել զոհի անվտանգությունը: Սակայն այս դեպքում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ոչ միայն նման միջոցներ չեն ձեռնարկել, այլև անգամ մասնակցել են Գասպարիի ահաբեկմանը և նրա նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորմանը»:
Գասպարին ձերբակալվել է փետրվարի 19-ին: Նրա փաստաբանները՝ Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանը և Լուսինե Հակոբյանն անմիջապես բողոք են ներկայացրել նրա կալանավորման դեմ՝ համարելով այն անօրինական և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված: Փետրվարի 24-ին փաստաբանները միայն վերջին պահին են տեղեկացել Գասպարիի հոգեբուժական փորձաքննության մասին և հազիվ են ժամանակին հիվանդանոց հասել նրան հանդիպելու համար:
Երեկ փաստաբաններին փոխանցած Գասպարիի գրության հիման վրա նրանք հանդես են եկել հայտարարությամբ առ այն, որ. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախ համար 20, հետո արդեն՝ համար 7 խցի խցակիցները, ադմինիստրացիայի և քրեական տարրերի ուղղորդմամբ և թողտվությամբ, ենթարկում են նրան խոշտանգումների (ծեծի և այլ միջոցներով), հոգեբանական և ֆիզիկական ճնշումների, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի, մասնավորապես՝ ծեծելով, սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վրան ջուր լցնելով, սպառնալիքներ («դու ստեղից կենդանի չես պրծնի») տեղալով և այլն: Գասպարիի՝ քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ուղղված բողոքները մնացել են անպատասխան»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին հաջողվել է հիվանդանոցում տեսնել և խոսել Գասպարիի հետ:
«Գասպարին շատ թույլ էր և իմ ներկայությամբ գրեթե կորցրել է գիտակցությունը, – ասում է Սաքունցը. – Նա կարիք ունի պատշաճ բժշկական օգնության, իր ընտրությամբ իրավաբանական օգնության և պետք է անհապաղ ազատ արձակվի բանտից, որտեղ նա ենթարկվել է նման սարսափելի վերաբերմունքի», – եզրակացնում է Սաքունցը:
Փետրվարի 25-ին Գասպարիին վերադարձրել են այն խուց, որտեղ նա ենթարկվել է խոշտանգումների, իսկ նրա փաստաբան Եգորյանին թույլ չեն տվել հանդիպել իր պաշտպանյալի հետ: Եգորյանը տեղեկացել է նաև, թե իբր դատավորն իրեն և Հակոբյանին հեռացրել է Գասպարիի գործով վարույթից: Փաստաբանները բողոքարկել են նշված որոշումը որպես Վարդգես Գասպարիի նկատմամբ կայացված մի շարք ապօրինի և անհամաչափ որոշումներից մեկը:
Գասպարին հայտնի է Հայաստանի դատական և քաղաքական համակարգերի վերաբերյալ իր կարծիքը ոչ բռնի բողոքի ակցիաների միջոցով արտահայտելու համար: Վերջին տարիներին նա մասնակցել է Հայաստանում մի շարք ցույցերի և բողոքի ակցիաների՝ նստացույցի միջոցով բողոքի ակցիա անցկացնելու իր մոտեցման համար ստանալով «Հայաստանի Գանդի» մականունը: Այս ամսվա սկզբին նրան ներկայացվել է ևս մեկ քրեական մեղադրանք 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական հանրաքվեի ժամանակ քվեարկությունը ենթադրաբար խոչընդոտելու համար, որտեղ նա հանդես է եկել որպես դիտորդ Քաղաքացի դիտորդ նախաձեռնության շրջանակներում: Գասպարիին դատահոգեբուժական փորձաքննություն ենթարկելու համար պատճառ դարձած դատական գործը հարուցվել է այն մեղադրանքի հիման վրա, իբր նա 2014 թվականի ապրիլին ենթադրաբար դատարանում վիրավորել է ոստիկանության աշխատակիցներին և դատավորին: Գասպարին հրաժարվել է ներկա գտնվել դատական նիստերին և բազմիցս դատարան է տարվել բռնի ուժով:
Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կարծում են, որ Գասպարիի նկատմամբ վատ վերաբերմունքը և նրան իր փաստաբանների հետ հաղորդակցվել թույլ չտալը խախտում են Վարդգես Գասպարիի հիմնարար իրավունքները և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները: Գասպարին պետք է անհապաղ ազատ արձակվի, նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթը՝ դադարեցվի, և վնասվածքները բուժելու համար նա պետք է ստանա համապատասխան բուժօգնություն:
Պետք է հարուցվի քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կալանքի տակ գտնվելիս Գասպարիի կրած վատ վերաբերմունքի համար մեղավորներին հայտնաբերելու և նրա բողոքներին պատշաճ արձագանքի բացակայության պատճառները պարզելու համար: Հարկավոր է անհապաղ վերականգնել և նպաստել իր ընտրած պաշտպանի հետ հաղորդակցումը: