«Մեր ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք ունեցել են դաժան մանկություն». Սաքունցը՝ Խոսրով Հարությունյանին
10:21, March 1, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Մենք պետք է արձանագրենք, որ մեր ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք ունեցել են դաժան մանկություն, երբ նրանց դաստիարակչության մեթոդ են կիրառել ականջը կտրելու, աչքերը հանելու եւ նման արտահայտությունները»,- փետրվարի 29-ին մեզ հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսպես մեկնաբանեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը՝ կարճելու իրենց դիմումը Շուշան Պետրոսյանի «լակոտ, աչքերդ կհանեմ» արտահայտության հետ կապված:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողներին պատմում էր, որ իրեն էլ մեծերը փոքր ժամանակ քիչ չեն ասել՝ «լակո՛տ, ականջներդ կկտրեմ»:
Խոսրով Հարությունյանը վստահեցնում էր, որ Շուշան Պետրոսյանն ընդամենը խրատել է ֆեյսբուքյան օգտատիրոջը, մեր լեզվամտածողության մեջ այդպիսի դարձվածք կա:
Արթուր Սաքունցը պատասխանեց. «Հայկական բանահյուսությանը, եթե հղում են կատարում, այն շատ լայն է եւ ունի հարուստ բառապաշար: Միայն կարող ենք երեւակայել, թե էլ ինչ բառեր կարող են օգտագործել պատգամավորները, որովհետեւ բանահյուսության մեջ մտնում է ե՛ւ կենցաղային լեզուն, ե՛ւ բարբառային լեզուն, ե՛ւ ամենաշատ «քաղցր» արտահայտությունները: Եթե իրենք ընդունում են դա որպես նորմային բառապաշար պատգամավորի՝ դա արդեն իրենց դաստիարակության խնդիրն է»:
Ըստ պարոն Սաքունցի, այս որոշմամբ երեւում է, թե ինչպիսին է ԱԺ պատգամավորի վարքագիծը. «ԱԺ էթիկայի հանձնաժողովը հաստատում է այն բարքերը, որ գոյություն ունեն ԱԺ-ում»: