Ո՞րն էր ԱԱԾ-ի ուղերձը՝ երեկվա ասուլիսում. Սաքունցը՝ ԱԱԾ-ի «ծիծաղելի եւ ոչ պրոֆեսիոնալ» հետաքննության մասին
23:18, April 1, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնքնին նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկությունների միակողմանի հրապարակումը մինչ նախաքննության ավարտը արդեն իսկ կասկածելի է: Պետք է հասկանալ, թե ո՞րն է նման հրապարակման դրդապատճառը:
«Լուրջ չի կարելի ընդունել, որ հնարավոր է այդքան մեծ թվով մարդկանց խմբով կազմակերպել ահաբեկչական գործողություններ»,- Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսպիսի տպավորություն էր ստացել ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի երեկվա ասուլիսից: Հիշեցնենք, որ ասուլիսում վերջինս հրապարակեց մի շարք լուսանկարներ, թե ինչպես է հանցավոր խումբը պատրաստվել հեղաշրջում եւ ահաբեկչություն կազմակերպել ԱԺ-ի, ՍԴ-ի, կառավարության եւ պետական այլ մարմինների շենքերում:
Արթուր Սաքունցի խոսքերով՝ «Նախ, ինքնին նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկությունների միակողմանի հրապարակումը մինչ նախաքննության ավարտը արդեն իսկ կասկածելի է: Նմանատիպ այլ հանգամանքներում քննիչները, հղում կատարելով նախաքննության գաղտնիքին, որեւէ տեղեկություն չեն տրամադրում: Սա նշանակում է, որ պետք է ունենաս միտում: Պետք է հասկանալ, թե որն է դրդապատճառը նման հրապարակման: Կոնտեքստից կտրված՝ դու ներկայացնում ես զենքերը՝ իբր այդ խմբի տիրապետության տակ են եղել, այն դեպքում, երբ դրա համար բավարար ապացույցներին մենք չենք տիրապետում: Դա միակողմանի տեղեկատվություն էր, որը փորձում էր հանրային կարծիք ձեւավորել, թե դա իրապես շատ ավելի լուրջ է, քան կարծում են»:
Ըստ Արթուր Սաքունցի, երեկվա հրապարակման հիմնական ուղերձը այն նախադասության մեջ էր, իբր կազմակերպված հանցախմբի թիրախը եղել է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաեւ մյուս նախագահները. «Այն, ինչ ներկայացվեց եւ ասվեց՝ մեկը մյուսի հետ չէր համընկնում: Որպեսզի մերկապարանոց չհնչի, որ թիրախը եղել է Սերժ Սարգսյանը, համեմել են այդ իբր թե քրգործի փաստական հանգամանքների հրապարակումով՝ տպավորություն ստեղծելու համար»:
Իրականում, ըստ Արթուր Սաքունցի, ԱԱԾ-ի երեկվա ասուլիսի հիմնական նպատակն այն էր, որ կեղծվեր հանցավոր խմբի ահաբեկչության փորձի դրդապատճառը. «Թե որն է դրա իմաստը՝ պարզ է. դրդապատճառը, որի հիման վրա այդ խումբը ձեւավորվել է, եթե իրապես գոյություն ունի դա, Սերժ Սարգսյանի իշխանության տապալումն է: Եթե ասեին՝ դա ահաբեկչական խումբ է, որը փորձել է նման գործողություն կատարել Սերժ Սարգսյանի նկատմամբ, այդ դեպքում ստիպված էին լինելու ասել՝ որո՞նք են եղել դրա դրդապատճառները: Հանցագործության բացահայտման կարեւորագույն հանգամանքներից մեկը դրդապատճառն է, շարժառիթը: Իրենց հիմնական խնդիրն է շարժառիթը, որից իրենք սարսափահար են: Իրենք պետք է ներկայացնեին, որ շարժառիթն է եղել Սերժ Սարգսյանի կողմից վարվող քաղաքականությունը, որից բողոքում են բազմաթիվ քաղաքացիներ: Որպեսզի նման պատասխանատվություն չարձանագրվի, փորձել են տարածել եւ շարժառիթների թվում ընդգրկել նաեւ նախկին նախագահներին: Մենք այս 25 տարվա մեջ չենք տեսել զինված խմբավորման ձեւավորման ակնարկ, փաստ, որ լինի նախկին նախագահների նկատմամբ, որոնք արդեն գործող չեն: Ներկայումս ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր խնդիրների՝ կոռուպցիան, ապօրինությունը, անօրինականությունները, արտագաղթը, սոցիալական անապահովության բարձր մակարդակը, սոցիալական բեւեռացումը,այս բոլոր խնդիրների անմիջական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որին որպես թիրախ ենթադրյալ այդ խումբն ընտրել է: Դրա համար շարժառիթների այդ պատասխանատվությունը որպեսզի չվերցնեն՝ փորձեցին այդպես ներկայացնել: Իսկ դա ծիծաղելի է: Ծիծաղելի է նման ոչ պրոֆեսինալ կերպով աշխատանքը եւ նման ոչ պրոֆեսիոնալ հետաքննությունը»: