Պատերազմի վերսկսման հավանականությունը մնում է օրակարգում, քանի դեռ չեն վերացվել պատերազմ ծնող պատճառները
11:30, May 28, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Այն, որ մարդկային զոհեր այս վերջին օրերի ընթացքում չունենք, ռազմական գործողությունները մեծամասամբ դադարեցվել են, արդեն դրական քայլ է: Բայց այն պատճառները, որոնք հանգեցրեցին այս քառօրյա պատերազմին, դրանք դեռևս չեն վերացել: Ավելին, այդ պատճառների վերացման ուղղությամբ քայլեր չեմ տեսնում՝ եզրակացնելու համար, որ այս հրադադարը ժամանակավոր բնույթ չունի»:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն, անդրադառնալով Վիեննայում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման արդյունքներին, նշեց, որ քանի դեռ չեն վերացել այն պատճառները, որոնք հանգեցրել են պատերազմական գործողություններին, հիմք են տալիս եզրակացնելու, որ պատերազմի վերսկսման հավանականությունը մնում է օրակարգում:
Հիշեցնենք, որ մայիսի 16- ին Վիեննայում տեղի ունեցավ Սարգսյան – Ալիև հանդիպումը: Հանդիպման հիմնական նպատակն էր ուժեղացնել հրադադարի ռեժիմի պահպանումը և բռնության դեպքերի թուլացումը:
Արթուր Սաքունցն անդրադարձավ այն պատճառներին, որոնք հանգեցրել են ապրիլյան քառօրյա պատերազմին:
«Խոսքը վերաբերում է սպառազինությունների շարունակվող մրցավազքին, նույնիսկ այս հրադադարի վերականգնման պայմաններում: Այսինքն ադրբեջանական և հայկական կողմերը շարունակում են սպառազինությունների ձեռքբերումը: Անվտանգության և հրադադարի պահպանման միակ գործոնն այս պահի դրությամբ շարունակում է մնալ փոխադարձ զսպման միջոցը՝ հանձինս սպառազինությունների քանակի ավելացման, որը չեմ կարող համարել երաշխիք, քանի որ, ինչպես համոզվեցինք, զենքը կրակելու բնույթ ունի»:
Իրավապաշտպանի խոսքով՝ քաղաքական, դիվանագիտական բաղադրիչները, այդ թվում հրադադարի ռեժիմի պահպանման այնպիսի մեխանիզմները, որոնք վերաբերվում են հասցեագրված պատասխանատվության մեխանիզմի ներդրմանը, դեռևս ձևավորված չեն և չեն կիրառվում:
«Հրադադարի պահպանումը միայն սպառազինությունների քանակի ավելացման միջոցով վտանգավոր գործընթաց է իրենից ներկայացնում, և եթե իրավիճակն այսպես է շարունակվելու, ապա, կարծում եմ, որ այս ժամանակահատվածն ուղղակի շունչ քաշելու և ուժերը համախմբելու համար տրված ժամանակ է համարվելու և ոչ թե խաղաղության համար տրված ժամանակ»:
Արթուր Սաքունցը կարևորում է նաև պատասխանատվության գործոնը՝ նշելով, որ պատերազմական գործողությունը սկսում է իշխանությունը, մյուսը պատասխանում է այդ հարձակմանը, այս դեպքում Ադրբեջանը, և դա հանգեցնում է մարդկային մեծաթիվ զոհերի: Իսկ քաղաքացիների առջև իշխանությունների պատասխանատվության հարցը մղվել է հետին պլան, և այս հարցի նկատմամբ ոչ պատշաճ ուշադրությունն ինքը նույնպես նպաստավոր գործոն է պատերազմի օգտին և ոչ թե խաղաղության օգտին:
«Եվ վերջապես մենք ունենք նաև լուրջ մարտահրավեր՝ հանձինս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի՝ ՌԴ -ի կողմից: Այսինքն, քանի դեռ ՌԴ կողմից սպառազինության մրցավազքին աջակցությունը չի դադարեցվում, ապա հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է մնալ վտանգված»,- ասում է իրավապաշտպանը:
Անդրադառնալով նաև Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագրին՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ ավելորդ քայլ է համարում նման փաստաթղթի ստորագրումը, քանի որ ղարաբաղյան կոնֆլիկտի առաջացման հենց առաջիկա օրերից էլ պարզ է եղել և միջազգային ասպարեզում բազմիցս արձանագրվել է, որ ՀՀ հանդես է գալիս որպես ԼՂՀ-ի անվտանգության երաշխավոր:
«Շատ ավելի լուրջ փաստաթղթեր կան միջազգային ասպարեզում ընդունված, որոնցում այդ հանգամանքն արձանագրված է: Հիմա եթե որևէ լրացուցիչ թուղթ պետք է կազմվի Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության վերաբերյալ, ապա այդ պայմանագրի կնքումը որևէ առումով էական նշանակություն չի ունենալու, որևէ խնդիր չլուծող փաստաթուղթ է դա հանդիսանում»:
Սաքունցը գտնում է, որ միայն բանակցությունների միջոցով պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի: Բայց միաժամանակ նշում է, որ բանակցությունների ապահովման գործընթացի վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ վերը նշված գործոնները՝ սպառազինությունների մրցավազքը, հրադադարի ռեժիմների խախտումների հետաքննության մեխանիզմների բացակայությունը, հակամարտության կողմերի իշխանությունների՝ իրենց քաղաքացիների նկատմամբ պատասխանատվություն կրելու բացակայությունը: Սրանք այնպիսի գործոններ են, որոնց բացակայությունն ինքնին վտանգում է բանակցությունների գործընթացը:
Եվ վերջում Արթուր Սաքունցն անդրադարձավ քառօրյա պատերազմի ժամանակ կորցրած 800 հա տարածքին, որոնք, ըստ Սերժ Սարգսյանի, համարվում են ռազմավարական նշանակություն չունեցող տարածքներ:
«Հիմա ամբողջ կուսակցությունները համախմբվում են տարածքների շուրջ: Բայց մինչև այս պատերազմն էլ այդ տարածքների դե ֆակտո առկայությունը երաշխիք չհանդիսացավ, որպեսզի կանխվի այն վտանգը, որն ունեցանք հանձինս այս պատերազմի»:
Իրավապաշտպանի խոսքով՝ անվտանգության ապահովման տեսակետից այլ գործոններն ավելի վճռորոշ նշանակություն ունեն, և հենց դրանց առկայությունը կարևոր նշանակություն ունի մարդկանց անվտանգության ապահովման գործում:
«Ես այս խնդիրը մարդկանց անվտանգության ապահովության տեսակետից եմ դիտարկում: Ինքնին տարածքը չի հանդիսանում անվտանգության երաշխիք: Անվտանգության և պատերազմի կանխման երաշխիք են հանդիսանում դիվանագիտությունը, արտաքին և ներքին քաղաքականությունն, իշխանության պատասխանատվությունը քաղաքացիների նկատմամբ և քաղաքացիների կողմից վստահությունը պետության նկատմամբ, միջազգային կառույցների նկատմամբ, հակամարտող կողմերի միջև փոխադարձ վստահության և երկխոսության ձևավորումը: Սրանք բոլորը կապված չեն տարածքների հետ, և առանց այս գործոնների ինքնին տարածքներն անվտանգության երաշխիք չեն կարող համարվել»: