ԱՄՆ քաղաքացի Եղնուկյանը խտրողականություն է տեսնում իր և Միրոնովի միջև
17:32, September 5, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՇուրջ մեկուկես ամիս անազատության մեջ գտնվող Միացյալ Նահանգների քաղաքացի Կարո Եղնուկյանը հայտարարում է, որ հայաստանյան դատարանը խտրականություն է դրսևորել իր և Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի միջև՝ մի դեպքում կայացնելով կալանքի որոշում, իսկ շատ ավելի ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ռուսաստանցուն ազատ արձակելով և թույլ տալով վերադառնալ հայրենիք:
Մի շարք ընդդիմադիր գործիչների դատած Մնացական Մարտիրոսյանը, փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, քաղաքական որոշում է կայացրել․ – «Կարո Եղնուկյանը ընդունում է սա խտրական վերաբերմունք իր՝ որպես ԱՄՆ քաղաքացու և Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ: Նույն դատավորի պարագայում երկու այսպիսի իրարամերժ գործողություններ»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը շարունակում է՝ փողերի լվացման և զենքի ապօրինի վաճառքի մեջ կասկածվող Միրոնովի ու «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Եղնուկյանի գործերով դատական որոշումները խոսուն վկայություն են․ – «Տեսնում ենք առաջին անգամ, որ ըստ քաղաքացիության՝ արդեն այլ երկրների քաղաքացիության նաև կա ընտրողական մոտեցումը»:
Միրոնովը հետախուզվում է Միացյալ Նահանգների իրավապահների կողմից, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն, ի դեպ, հետաքրքրվում է Կարո Եղնուկյանի գործով: Ալեք Ենիգոմշյանը, ում նույն մեղադրանքն է առաջադրված, համոզված է՝ Եղնուկյանին մեկուսացնում են քաղաքական պայքարից․ – «Ընդհանրապես «Սասնա ծռերին» օժանդակելու մեղադրանքով կալանավորվածները բոլորը քաղաքական հալածյալներ են»: