ՀՈԿՏԵԲԵՐԻ 2-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼ ԱԶԱՏ ԵՒ ԱՐԴԱՐ. ԴԻՏՈՐԴՆԵՐ
18:23, October 4, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՀոկտեմբերի 2-ին Հայաստանի 6 մարզի 373 համայնքում անցկացված ընտրություններն ընթացել են ընտրախախտումներով լի. այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին նման գնահատական հնչեցրեցին դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչները:
Ասուլիսին մասնակցում էին«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի անդամ Տիգրան Եգորյանը, «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անդամ Արմեն Գրիգորյանը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ինչպես հայտնի է հոկտեմբերի 2-ին հանրապետության մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում առաջին անգամ անցկացվում էին ավագանու ընտրություններ:
Ըստ պաշտոնապես հրապարակված տվյալների՝ Գյումրիում «Բալասանյան դաշինքը» ստացել է քվեների 34.64 %-ը, ԲՀԿ-ն՝ 20.70, Հայկական վերածնունդը՝ 10.62, իսկ ԳԱԼԱ կուսակցությունը՝ 10.49 % ձայն: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 6% անցողիկ շեմը. Ալյանս՝ 1.78 %, ՔՊ՝ 1.49 %, ՀՅԴ՝ 5.36 %, ՀԱԿ՝1.09 %, Համախմբում՝ 5.77 %, Գործարար՝ 1.32 %, Գյումրեցու ոգի՝ 5.74 %: Գյումրիում ավագանու թվով 33 մանդատը բաշխվում է հետեւյալ կերպ՝ Բալասանյան դաշինք՝ 15, ԲՀԿ՝ 9, ՀՎԿ՝ 5, ԳԱԼԱ՝ 4 մանդատ:
Վանաձոր քաղաքում ավագանու կազմում ընդգրկված կուսակցություններից ՀՀԿ-ն ունենալու է 13 ավագանու անդամ, երկրորդ տեղում հայտնված ԼՀ կուսակցությունը 10 մանդատ, ՕԵԿ-ը՝ 5, ԲՀԿ-ն՝ 3 և ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:
Արմեն Գրիգորյանն ասում է, որ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնությունը 230 դիտորդ է ունեցել 18 համայնքում:
«Մենք ծածկել ենք 18 համայնքի բոլոր ընտրատեղամասերը: Կրկին եղել են ընտրախախտումներ, որոնք համակարգային խնդիրներ են: Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին և նաև անցած տարի սահմանադրական փոփոխությունների հանարաքվեին հանդիպել ենք նույն խնդրին, երբ ընտրողը ընտրատեղամաս է գալիս և իր անվան դիմաց տեսնում է արդեն ստորագրված է, այսինքն ընտրած է: Այդպիսի 18 ընտրախախտում է արձանագրվել, իսկ սեպտեմբերի 18-ին գրանցվել էր 22 այդպիսի ընտրախախտում: Ընտրացուցակների փակ լինելը շարունակում է մնալ համակարգային լուրջ խնդիր և ընտրակեղծարարության այս գործիքը ամենատարածվածն է»,-ասում է Գրիգորյանը:
Նա նշում է, որ հոկտեմբերի 2-ի ընտրություններին 190 ընտրախախտում են արձանագրել: Գրիգորյանը նշում է, որ ընտրախախտումների մեծ մասը զեկուցվել են ընտրական գործընթացի ժամանակ, մինչև երեկոյան ժամը 20:00-ը:
Տիգրան Եգորյանն ասում է, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին գրանցվել են բոլոր հայտնի խախտումների տեսակները. այլ անձանց փոխարեն քվեարկությունները, ցուցակների անճշտությունները և այլն:
«Հայտնվել են մահացած անձանց անունները ցուցակներում, համատարած եղել են դիտորդների իրավունքների խախտումներ հանձնաժողովների անդամների և նախագահաների կողմից, բազմաթիվ հաղորդագրություններ կան ուղղորդումների մասին, քվեարկության նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, քվեաթերթիկները տեղամասից դուրս հանելու մասին: Արձանագրվել են դեպքեր կնիքների՝ շուտ ցնդելու մասին, օգտագործվել են 30 կամ 40 րոպե հետո ցնդող կնիքներ, կամ անձեռոցիկով մաքրվող կնիքներ»,-ասաց Եգորյանը:
Նա հավելեց, որ պետք է անցկացվի օպերատիվ քննություն, փաստերի պարզում, այնուհետեև գնահատում հասկանալու համար այս կամ այն խատման ազդեցությունը որևէ համայնքում ընտրության արդյունքների վրա:
«Սա լուրջ անշահախնդիր աշխատանք է ենթադրում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական անգամ ցույց է տալիս, որ ունակ չէ ապացուցելու, պատրաստ չէ ապահովելու ընտրելու իրավունքը, ազատ արդար ընտրությունների մասնակցելու իրավունքը»,-նշեց Եգորյանը:
Արթուր Սաքունցը այս ընտրությունները նույնպես չի համարում ազատ: Նա ընդգծում է, որ ընտրողը ազատորեն չի կարողացել իր կամքը, իր տեսակետը ներկայացնել:
«Ճնշող գործոններից են եղել ընտրատեղամասերի հարակից տարածքներում առկա մթնոլորտը և վերահսկողությունը: Ակնհայտորեն ուղղորդման և բերման ենթարկելու պրակտիկան շարունակվում է: Տարածքը նայողները, թաղային հեղինակությունները անպատիժ գործում էին, սա է որոշիչը, թե ընտրատեղմասում ինչ մթնոլորտ է: Իսկ երբ հանձնաժողվոի նախագահին ասում են այս մարդիկ կուտակումներ են առաջացրել ընտրատեղամասի մուտքի մոտ, ասում է ես չեմ հասցնում ընտրատեղամասում կարգավորել, ուր մնաց դրսում: Ընտրատեղամասից դուրս այդ ամեն ինչը մեծ ճնշման տակ է պահում ընտրողին այդ թվում ոստիկանության ակնհայտ անգործության պարագայում»,-նշում է Սաքունցը:
Նա հավելում է, որ նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտում է եղել ընտրատեղամասերի ներսում: Սաքունցի խոսքով ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովները, բացառությամբ մեկ կամ երկու հանձնաժողովների, համառություն և կամք չեն դրսևորում, որպեսզի ընտրական պրոցեսը համապատասխանի Ընտրական օրենսգրքին:
«ԿԸՀ-ի կողմից պարզաբանում էր տրված, որ ժամը 20:00-ից հետո էլ կարող է դիտորդը կամ լրագրողը մտնի ընտրատեղամաս, բայց տեղամասային հանձնաժողովը չի կատարում ԿԸՀ-ի որոշումը, մեր դիտորդը մի ժամ ուշ է մտել ընտրատեղամաս: Բացարաձակապես ոչ մի Ընտրական օրենսգիրք չի աշխատելու Հայաստանում, եթե ընտրախախտումներ կատարողները մնալու են անպատիժ: Ամենակատարյալ Ընտրական օրենսգրքի դեպքում էլ, եթե քաղաքական խուժանը, թաղային հեղինակությունը քաղաքական ղեկավարության ներքո է գործելու ու մնա անպատիժ, ապա ոչ մի բան չի աշխատելու, ես վստահեցնում եմ՝ հաշվի առնելով Վանաձորի և Գյումրիի օրինակը»,-հավելեց Սաքունցը: