Ընտրական գործընթացում սուտ մատնությունը քրեականացնելը խախտումները բացահայտողների դեմ է․Արթուր Սաքունց
14:47, October 20, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՔրեական օրենսգրքում ընտրական գործընթացների ժամանակ կրկնակի քվեարկություններին վերաբերող սուտ մատնությունը քրեականացնելը զսպող հանգամանք է դիտորդների և քվեարկության մասին տեղեկություններ հաղորդողների համար․ Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ ավելացնելով, որ դա ընտրախախտումների բացահայտմանը դեմ քայլ է:
«Ընտրական պրակտիկայում կրկնակի քվեարկությունները շատ են: Նույնիսկ Վանաձորի և Գյումրու քվեարկությունների ժամանակ էլ դրանց վերաբերյալ ահազանգեր եղան: Սա տեղեկատվության հաղորդում է․դիտորդը հաղորդում է տալիս կրկնակի քվեարկության մասին և ԶԼՄ-ները հրապարակում են, թե այսինչ տեղամասում այսինչ քաղաքացին բողոքել է, որ իր փոխարեն արդեն ստորագրված է: Նման տեղեկության տարածման համար քրեական պատասխանատվության ենթարկելը՝ 200 000-800 000 դրամ տուգանքով կամ մինչև երկու տարի ազատազրկումը, հետապնդում է տեղեկությունների ոչ ճշտված տարածմանը խանգարելուն,- ասաց նա՝ հիշեցնելով, որ զրպարտությանը կամ սուտ տեղեկատվությանը վերաբերող օրենքները ապաքրեականացվել են,- այսինքն՝ օրենսդիրը իր իսկ ընդունած օրենքների տրամաբանությունից ելնելով՝ պետք է հրաժարվի նման օրենսդրական դրույթ մտցնելուց»:
Ըստ նրա՝ օրենսգրքում նման դրույթ ներառելը դիտորդին մտավախությունների տեղիք կտա: Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ դիտորդը կամ ընտրախախտումը ներկայացնողը, հաշվի առնելով, թե մեր երկրում ինչպես կարող են քաղաքացիները փոխել իրենց խոսքը՝ տարբեր պատճառներ բերելով, կվախենա հաղորդում տալ կրկնակի քվեարկությունների վերաբերյալ: «Դուրս կգա, որ հաղորդում տված մարդուն կարող են ակնհայտորեն մեղադրել, չնայած որ ոչ դիտավորությամբ արված գործողություն էր»,- ասաց նա:
Սաքունցը հարց ուղղեց Դավիթ Հարությունյանին և ԱԺ պատգամավորներին, որոնք քննարկում էին դրույթը՝ արդյոք տեղյակ չեն, թե Հայաստանում ընտրություններն ինչպես են ընթանում․«Փոխանակ հարցը տեղափոխեք իրավապահ մարմինների կողմից ընտրական խախտումների, տվյալ դեպքում նաև՝ կրկնակի քվեարկության փաստերի բացահայտման ուղղությամբ արդյունավետության ապահովման դաշտ, նման բան եք անում: Տրամաբանությունը ոչ թե ընտրական խախտումները բացահայտելն է, այլ խախտումները բացահայտողների դեմ քրեական հետապնդման դրույթ ավելացնելը, ինչը խախտումները բացահայտողների դեմ է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը նշել է, որ պետք է պարզապես նկարագրվի, թե որն է համարվելու մատնություն, Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Եթե որոշակիացված չէ, ապա ինչո՞ւ եք կողմ քվեարկում: Հետագայում այլ գնահատականներ էլ կլինեն սրա վերաբերյալ»: